Այսօր Երեւանում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերից հետո Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը լրագրողներին ներկայացրեց թե ինչ են քննարկել նիստում եւ ինչ համաձայնություններ են ձեռք բերվել: Ինչպես ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ԵԱՏՄ նախարար Կարինե Մինասյանը, Տիգրան Սարգսյանն էլ անդրադարձավ ԵԱՏՄ –ում որոշ ոլորտների
փաստաթղթերի թվայնացման համակարգին: Ըստ Սարգսյանի՝ այն իրականացվելու է՝ ընդհանուր շուկաների թվայնացում, ենթակառուցվածքների թվայնացում, կառավարման համակարգերի թվայնացում ուղղություններով: Ապա Սարգսյանը տեղեկացրեց, որ թվայնացման գործընթացի համար նոր գրասենյակ կստեղծվի, որտեղ ԵԱՏՄ անդամ երկրները կներգրավվեն, գրասենյակի աշխատանքը հնարավորություն է տալու որոշակի իրավասություններ կոմիտեում, եւ հետեւել ԵԱՏՄ անդամ երկրների թվային օրակարգին,
նաեւ ստեղծվելու է մեկ ընդհանուր ռեեստր՝ նախաձեռնությունների կենտրոն, եւ ԵԱՏՄ անդամ երկրների համապատասխան կենտրոնները հնարավորություն ունեն մուտք գործել ռեեստր, տեղեկացվել տարբեր գործընթացների ու քննարկումների մասին: Սարգսյանն անդրադառնալով նիստում քննարկված «ճանապարհային քարտեզին», նշեց, որ դրա նպատակը խոչընդոտների վերացման համար է. «Մենք մշակել ենք սպիտակ գիրք, որտեղ ներառել ենք բոլոր խոչընդոտները, որոնք կան ԵԱՏՄ տարածքում եւ որոնք խանգարում են ընդհանուր շուկաների ձեւավորմանը: Մի կողմից նման իրավիճակ է ստեղծվել, որովհետեւ Հայաստանը, Ղազախստանն ու Ղրղրզստանը բացառություններ ունեն միության պայմանագրերով եւ առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելով, եւ կան բացառություններ, կան մաքսային դրույքաչափեր, որոնք տարբերվում են ընդհանուր
դրույքաչափերից: Եվ հասկանալի է, որ ընդհանուր շուկայի ձեւավորում՝ տարբեր մաքսադրույքաչափերի դեպքում, հնարավոր չէ: Ուստի մեզ ժամանակ էր հարկավոր, որպեսզի այդ անցումային շրջանը ավարտենք եւ նոր շուկա ձեւավորենք: Այդ անցումային շրջանը հարկավոր էր, որպեսզի բիզնեսի համար ավելի մեղմ պայմաններ ստեղծենք՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու գործընթացում: Բացի այս, կան նաեւ խոչընդոտներ եւ սահմանափակումներ, որոնք իրական բիզնեսին խանգարում են օգտվել ընդհանուր շուկայի բարիքներից: Մենք կառավարությունների ղեկավարների հետ պայմանավորվել ենք, որ ամեն եռամսյակը մեկ պետք է ներկայացնեն ճանապարհային քարտեզները՝ քննարկելու, թե ինչպես ենք վերացնելու սահմանափակումները»: Սարգսյանն ասաց, որ վարորդական
վկայականների խնդրի լուծման վերաբերյալ նոր հայեցակարգային կանոններ կսահմանվեն. «Քանի որ վարորդական վկայականների տրամադրման ոլորտում ֆունդամենտալ փոփոխություններ են լինելու՝ կախված այն հանգամանքի հետ, որ նաեւ տրասնպորտային համակարգն է թվայնացվելու, ի հայտ են գալու նոր մեքենաներ, որոնց վարորդները նոր գիտելիքներ պետք է ունենան: Օրինակ՝ անօդաչու մեքենաներ, խառը մեքենաներ եւ այլն»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.aravot.am