Սերժ Սարգսյանը նախօրեին այցելել է ոստիկանություն և մասնակցել կոլեգիայի ընդլայնված նիստին: Սարգսյանի այցը ոստիկանություն ուշագրավ իրադարձություն է գործնականում միշտ, սակայն առավել հետաքրքիր է դառնում ներկայումս մի շարք հանգամանքների ֆոնին, որոնք, այսպես ասած, ամփոփում կամ ներառում են իշխանության վերադասավորման գործընթացը, որը կարող ենք պայմանականորեն կոչել «խնդիր 2018»:
Ոստիկանություն այցը նաև հետաքրքրության յուրօրինակ երանգ է ստանում մի քանի օր առաջ Քննչական կոմիտե կատարած այցի ֆոնին, որտեղ Սերժ Սարգսյանն, ըստ էության, դեղին քարտ ցույց տվեց այդ կառույցի ղեկավար Աղվան Հովսեփյանին: Դեղին է հնարավոր որակել նաև ոստիկանության պետ Վովա Գասպարյանին ցույց տված քարտը՝ իհարկե մի
առանձնահատկությամբ: Աղվան Հովսեփյանի կառույցի աշխատանքը դե ֆակտո գնահատելով անբավարար՝ Սերժ Սարգսյանն արեց մի նուրբ նկատողություն: Նա հայտարարեց, որ Քննչական կոմիտեն իր անարդյունավետությունը փորձում է արդարացնել պատասխանատվությունը դատախազության և ոստիկանության վրա թողնելով:
Այդ մեղադրանքը իր տողատակում ունի ակնարկ, որ Քննչական կոմիտեն կամ պարզապես Աղվան Հովսեփյանը միջգերատեսչական «պատերազմի» մեջ է մյուս իրավապահների հետ՝ դրանից բխող հետևանքներով: Իսկ դրանից բխող առաջնային հետևանքներից մեկն անկասկած կարող է լինել սաբոտաժային իրավիճակը, ինչը կարող է հանգեցնել ներքին ապակայունացման կամ անվերահսկելի իրավիճակի: Ոստիկանությունում նույնպես
աշխատանքը գնահատելով դե ֆակտո անբավարար՝ Սերժ Սարգսյանն, այդուհանդերձ, այդպիսի մեղադրանք Վովա Գասպարյանին չներկայացրեց, փաստացի մի կողմից բալանսավորելով դժգոհությունը Քննչական կոմիտեի և ոստիկանության միջև, մյուս կողմից, սակայն, ցույց տալով, որ Գասպարյանին սաբոտաժային վարքագծի հարցում չի կասկածում:
Այդ համատեքստում հետաքրքրական է, թե Սարգսյանն ինչ տոնայնությամբ և շեշտադրումներով այցեր կունենա իրավապահ համակարգի մյուս, այսպես ասած, սյուներ՝ դատախազություն, ԱԱԾ և Հատուկ քննչական ծառայություն: Որ այդ կառույցներ այցերը հերթի կամ փաթեթի մեջ են՝ «խնդիր 2018»-ին ընդառաջ, թերևս կասկած չկա: Մնում է
համեմատել, թե ինչպիսին են լինելու շեշտադրումները: Մի բան, թերևս, կասկածից վեր է, որ Սարգսյանն, ըստ ամենայնի, կարմիր թելով կանցկացնի դժգոհությունը բոլորի աշխատանքից, ինչը, թերևս, նաև միանգամայն օբյեկտիվ է թե՛ նրա իշխանական խնդիրների, թե՛ նաև պետական և հանրային շահերի տեսանկյունից: Այստեղ, սակայն, առաջնայինը Սարգսյանի համար, իհարկե, իշխանական-քաղաքական խնդիրներն են, և նա, ըստ էության, ներկայումս մրցակցություն է հրահրում իրավապահ համակարգի կառույցների միջև:
Այն, որ Սերժ Սարգսյանի համար հենց իրավապահներն են լինելու, այսպես ասած, հետապրիլյան իրավիճակի հենարանը, գործնականում կասկած չկա, Սարգսյանը դե ֆակտո այլ հենարան չի ունեցել նախագահության ընթացքում և չի ունենալու անգամ վարչապետ լինելու դեպքում, և առավել ևս վարչապետ չմնալու պարագայում: Խնդիրն այն է, սակայն, թե այդ համակարգի կառույցներն ինչպիսի դասավորությամբ և առաջնահերթությամբ են լինելու այդ հենարանը: Իսկ ավելի շուտ, խնդիրը գուցե ոչ թե կառույցներն են, այլ այդ
կառույցների ղեկավարները: Եվ այդ համատեքստում ամենևին չի բացառվում, որ ներկայումս տրվող, այսպես ասած, մրցակցային իրավիճակի նպատակն է 2018-ի նախագահական վերջին ակորդով իրավապահ համակարգի վերադասավորումը, ինչը կարող է ենթադրել նաև համակարգի ղեկավարների, այսպես ասած, որոշակի փոխատեղում, կամ տեղափոխում և այլն:
Նաև այդ իմաստով է հատկանշական, որ ի տարբերություն Քննչական կոմիտեում արված շեշտադրումների՝ ոստիկանությունում Սարգսյանի ելույթը ուներ, այսպես ասած, առաջադրանքային բնույթ, և Սարգսյանը կարծես թե բավական կոնկրետ առաջադրանք էր իջեցնում Վովա Գասպարյանի համար՝ զենք-զինամթերքի հավաքագրում, հասարակական կարգի պահպանություն: Ընդ որում՝ Սերժ Սարգսյանը այդ առաջադրանքը տալիս է
բավականին կոշտ բնորոշմամբ՝ ասելով, որ այդ կապակցությամբ իրեն «հեքիաթներ չպատմեն», քանի որ թե՛ ինքը, թե՛ միջազգային կառույցները շատ լավ գիտեն իրավիճակը: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանն այստեղ դնում է նաև բավականին ուշագրավ մեկ այլ տողատակ, որը հնարավոր է արձանագրել նույնիսկ որպես բավականին անսպասելի և բավականին թափանցիկ ակնարկ այն մասին, որ Սարգսյանը 2018-ին ընդառաջ սպասում է
անգամ արտաքին որևէ սադրանքի հնարավորություն: Համենայնդեպս, արտահայտությունը, թե իրեն «հեքիաթ թող չպատմեն» իրավիճակի վերահսկելիության և ապահովության մասին, քանի որ դրսում ամեն ինչ շատ լավ գիտեն Հայաստանի վիճակի վերաբերյալ, պարունակում է այդ թափանցիկ ակնարկը, որ դրսից հնարավոր է սպասել ապահովությանը սպառնացող որևէ սադրանք:
Թե հատկապես որ «դրսից» է Սարգսյանը սպասում այդ բանը կամ որևէ մի «դրսի» հատկապես որ շրջանակից, կամ արդյո՞ք արտաքին այդ սպասումը տվյալ դեպքում կարող է պայմանավորված լինել ներիշխանական որևէ թևի, այսպես ասած, նախաձեռնությամբ, ենթադրությունները կարող են լինել տարբեր, բայց Սարգսյանի ակնարկը իր համար այդ հնարավոր վտանգի մասին, կարծես թե բավականին միարժեք է: Եվ դա, թերևս, ոստիկանություն նրա կատարած այցի, այսպես ասած, մեխն էր:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am