«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Այսօր լրանում է Հատուկ քննչական ծառայության պետի եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասնակցությամբ աղմկահարույց գաղտնալսման հրապարակման մեկ տարին, սակայն իրավապահ համակարգը լռում է: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով` գաղտնալսման մասով հարուցված քրեական գործը բացահայտվել է, սակայն իրավապահներն ու իշխանությունները լռում են: Իրավապահ մարմինները հիմնավորել են, որ ուժային կառույցների եւ վարչապետի գաղտնալսումը իրականացվել է ԱՊՀ երկրներից մեկից, եւ հայտնի է, թե կոնկրետ ով կամ ովքեր են այն արել:
Ասել է թե` գործը ամբողջությամբ բացահայտվել է: Սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները եւ իշխանությունները լռում են` հնարավոր ներքաղաքական բախումներից խուսափելու եւ երկրում անկայուն վիճակ ստեղծելու հեռանկարից ելնելով: Հիշեցնենք մեկ փաստի մասին եւս. գաղտնալսման հրապարակումից հետո պաշտոնյաները հրատապ ասուլիս հրավիրեցին: Ի թիվս այլ հարցերի` Սասուն Խաչատրյանը նաեւ մի շարք բացահայտումներ արեց մարտի 1-ի թեմայով, որոնք առավել շիկացրին առանց այդ էլ զգացմունքային թեման: ՀՔԾ պետը հայտարարել էր. «Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից: Այդ մասին ունենք ապացույցներ հստակ:
Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ Քոչարյանն արդեն իսկ մտցրել էր արտակարգ դրություն, սակայն որեւէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար: Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվի»: Այս հայտարարությունից եւս անցել է մեկ տարի, եւ եթե ՀՔԾ պետի ասածը ապացուցված է փաստերով, ապա ի՞նչ է արել նախաքննական մարմինը մեկ տարի անց, ինչո՞ւ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրված չէ. եթե առաջադրված է, ապա ինչո՞ւ այն չի հրապարակվում: Այս հարցերի պատասխանը ստանալու նկատակով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժին եւ սպասում ենք վերջիններիս պատասխանին: Պատասխանի դեպքում պատրաստ ենք հրապարակել այն»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։