Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ո ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 78 կմ հատվածում՝ Ապարանի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Mercedes մակնիշի 34 FZ 096 համարանիշի և Opel մակնիշի 35 MF 811 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով
տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Ապարանի ու Ծաղկահովիտի բժշկական կենտրոնների հերթապահ խմբերը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում օգնություն են ցուցաբերել վիրավորներին։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Հայկ Արշակյանի գլխավորությամբ։ Բախման հետևանքով ավտոմեքենաների գազաբալոնները պոկվել են
մեքենաների վրայից։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից 2-ին և մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ միջոցներ։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին
ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ, ում որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com