Առաջին Լրատվականը գրում է. 1980 թվականի ամռանը Երևանի «Հաղթանակ» զբոսայգու մերձակայքի տներից մեկում դաժան սպանություն էր կատարվել. կացնահարվել էին երիտասարդ ամուսիններն ու նրանց մի քանի ամսական երեխան:
Երիտասարդ ընտանիքը շատ համեստ, կարելի է ասել՝ աղքատ էր ապրում, նրանց տնից դժվար թե հափշտակելու ինչ-որ բան լիներ՝ դա իրավապահների համար ակնհայտ էր դեպքի վայր մտնելուց կարճ ժամանակ անց:
Սարսափելի սպանության դրդապատճառի փնտրտուքը, որը կարող էր հանգեցնել հանցագործության բացահայտմանը, սկզբնական շրջանում ոչ մի արդյունք չէր տալիս: Ստուգում էին տուժող ընտանիքի հարազատական, ընկերական կապերը, միջընտանեկան հարաբերությունները, բայց ուշադրության արժանի ոչինչ չէին գտնում:
Սպանված կինը ծնունդով Լեռնային Ղարաբաղից էր: Միլիցիայի երկու աշխատակից գործուղվել էին այդ կնոջ ծննդավայր՝ նրա անցալի, ընտանեկան գաղտնիքների մասին որևէ բան պարզելու:
Գործուղվածները հարցաքննել էին մի քանի տասնյակ մարդկանց: Ոչ մի հետք:
Բոլոր հարցաքննվածների մեջ իրավապահների ուշադրությանն արժանացել էր արտաքնապես աչքի չընկնող՝ կարճահասակ, ոչ բարետես մի երիտասարդ՝ Սերոբ Խ.-ն: Նա նշել էր, թե սպանված ամուսինների հետ առանձնապես մտերիմ չի եղել, ի սկզբանե եղել ընտանիքի հոր՝ Աշոտի ընկերը:
Աշոտի ամուսնությունից հետո ծանոթացել է նաև նրա կնոջ՝ Հասմիկի հետ, հազվադեպ այցելել է նրանց, իսկ վերջին շրջանում՝ ինչ երեխա էին ունեցել, ընդհանրապես չէր այցելում…
Սակայն սպանվածների տարեց հարևանուհին, նկարագրելով դժբախտ ընտանիքի մտերիմներին, ովքեր առավել հաճախ էին գնում-գալիս նրանց տուն, հիշատակել էր նաև Սերոբ անունով մեկին՝ նկարագրելով ճիշտ՝ Սերոբ Խ.-ին:
Լուսանկարով ճանաչման գործողություն էր կատարվել՝ տարեց կնոջը ճանաչման էին ներկայացրել Սերոբի ու մի քանի այլ անձանց լուսանկարները: Կինը միանգամից ճանաչել էր Սերոբ Խ.-ին:
Եթե Սերոբն այդքան հաճախ էր այցելել տուժող ընտանիքին, ինչո՞ւ էր պնդում, թե վերջին շրջանում բոլորովին նրանց տուն չի այցելել…
Իրավապահները Սերոբի ընկերների մեջ գտել էին մեկին, ով համաձայնել էր համագործակցել՝ քննությանը հետաքրքրող տեղեկություններ քաղել «ընկերական» զրույցների ժամանակ:
Այդ ընկերը, իբր գործերով, այցելել էր Սերոբին, մնացել էր մինչև ուշ գիշեր ու հենց Սերոբի առաջարկով գիշերը մնացել էր նրա տանը:
Քնել էին նույն սենյակում: Լուսադեմին ընկերն արթնացրել էր Սերոբին՝ իբր թե անհանգստացած ու վախեցած դեմքով: Ասել էր, թե Սերոբը քնի մեջ սպանված ամուսինների ու նրանց երեխայի անուններն էր տալիս, սարսափելի ձայներ էր հանում, գոռում էր՝ «կացինը, կացինը» ու նույնիսկ լաց էր լինում:
Սերոբը, անակնկալի գալով, դեռ քնից լրիվ չարթնացած, խուճապի էր մատնվել ու սիրտը բացել էր «ընկերոջ» առաջ՝ պատմել էր, թե ինչպես է երեք մարդու դաժան սպանությունը կատարել…
Առավոտյան «ընկերը» ջերմ հրաժեշտ էր տվել ու գնացել… ուղիղ՝ միլիցիայի բաժին…
Քիչ անց՝ միլիցիայի աշխատողները թակել էին Սերոբի դուռը:
Շատ ժամանակ չէր պահանջվել, որ Սերոբը միլիցիայի բաժնում խոստովանական ցուցմունք գրի դողացող ձեռքով…
Սերոբը խոստովանել էր, որ ծանոթության առաջին իսկ ակնթարթից՝ առաջին հայացքից սիրահարվել էր ընկերոջ՝ Աշոտի կնոջը՝ Հասմիկին: Այնպես էր տարվել մանկամարդ կնոջով, որ անտեսելով նրա ամուսնու ընկերը լինելու հանգամանքը՝ սկսել էր սիրահետել: Նրանց տուն էր այցելել շատ հաճախ, երկար զրույցներ էր վարել Հասմիկի հետ, բայց կինը Սերոբին նայում էր միայն որպես ամուսնու ընկերոջ, ոչ մի ավելորդություն թույլ չէր տալիս:
Դեպքի օրը Սերոբը խմել ու խմիչքի ազդեցության տակ ընկերոջ կնոջն առավել ցանկանալով՝ գնացել էր նրանց տուն: Արդեն մութն ընկել էր: Հասմիկը խալաթը հագին բացել էր դուռը, դժկամությամբ ներս էր հրավիրել Սերոբին: Աշոտը հեռուստացույցի առաջ նստած՝ հորանջում էր, մանկիկը քնած էր օրորոցում: Հասմիկը գնացել էր սուրճ եփելու: Սերոբը, ջուր խմելու պատրվակով, նրա հետևից գնացել ու խոհանոցում, չտիրապետելով իրեն, փորձել էր գրկել ցանկալի կնոջը: Հասմիկը հրել էր նրան, առանց սուրճը եփելու՝ դուրս էր եկել խոհանոցից:
Սերոբը Աշոտի աչքի առաջ էլ շարունակել էր սիրահետել Հասմիկին: Աշոտը զայրացել ու Սերոբին դուրս էր վռնդել տանից՝ նրա հետ դուրս գալով բակ:
Անպատասխան ու տանջալի սիրուց բորբոքված Սերոբը բակում կացին էր տեսել, վերցրել ու տեղնուտեղը հարվածել էր նրա հեռանալուն սպասող Աշոտին: Վերջինս տապալվել էր գետնին, փորձել էր սողալով տուն մտնել, պաշտպանվել, բայց Սերոբը միջանցքում կացնի մի քանի հարված հասցնելով՝ սպանել էր Աշոտին, արյունոտ կացնի շեշտակի հարվածով սպանել էր գոռացող Հասմիկին, չէր խնայել նաև օրորոցում քնած մանկիկին…
Իր հետևից արյուն ուերեք մարդու մահ թողնելով՝ Սերոբն օրորվելով հեռացել էր՝ հետը տանելով կացինը, որը իր տանը լվացել ու թաքցրել էր…
Սերոբ Խ.-ն գործի քննության ընթացքում տարբեր արդարացումներ էր փնտրում, փորձում էր ներկայացնել, թե Աշոտն էր նախահարձակ եղել, ինքը պաշտպանվել էր… Սակայն քննությամբ Սերոբի վարկածները հաստատող որևէ ապացույց ձեռք չէր բերվել…
Մանրամասները Սկզբնաղբյուրում: