«Հայր մեր» աղոթքի գաղտնիքի մասին բոլորը չգիտեն. Սա Աստծո խոսք է…

«Հայր մեր» աղոթքը կոչվում է նաև Տերունական աղոթք, որովհետև այն մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս սովորեցրեց:

Քրիստոս Տերունական աղոթքը սովորեցնելուց առաջ ասաց. «Դուք այսպե՛ս աղոթեցեք» (Մատթ. 6.9, Ղուկ. 11.2): Սակայն սա չի  նշանակում, որ ընդունելի չեն աղոթքի այլ ձևերը, որովհետև Քրիստոս ևս մատնությունից առաջ այլ բառերով աղոթեց. «Հա՛յր, … այս բաժակը Ինձնից հեռացրո՛ւ, բայց ոչ թե Իմ կամքը, այլ Քո՛նը  թող լինի» (Մատթ. 26.42, Ղուկ. 22.42): Այստեղ կան «Հայր մեր»-ի  երկու կետերը` 1. «եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն» և 2. «եղիցին կամք Քո»:

 

Տերունական աղոթքով Քրիստոս ցույց տվեց աղոթքով պահանջվող խնդրանքների հերթականությունը: Եվ այս առումով «Հայր մեր»-ը աղոթքների աղոթքն է:

«Հայր մեր» – այստեղ Քրիստոս մեկ և միակ անգամ իր ողջ  քարոզության մեջ օգտագործում է «Հայր մեր» արտահայտությունը: Իսկ այլ տեղերում  միշտ արտահայտվում է «Իմ Հայրը» (Մատթ. 16.17, 18.35, Ղուկ. 22.28, Հովհ. 5.17, 8.16, 10.29, 30, 12.26, 14.23, 28, 15.1, 7, 20.17) և «ձեր Հայրը» (Մատթ. 6.8, 7.11, 23.9, Ղուկ. 6.36, 12.30, 32, Հովհ. 8.42, 20.17) ձևերով: Այսինքն` այս աղոթքը մարդկանց համար էր:

 

 

«որ յերկինս – որ երկնքում  ես» – Գիտենք, որ Աստված հոգի է (Հովհ. 4.24) և ամենուրեք է (Սաղմ. 138.7-10, Առակ. 15.3, Երեմ. 23.24, Եբր. 4.13), սակայն  Քրիստոս օգտագործում է «երկնքում ես» ձևը՝ Աստծո  գտնվելու վայրի մասին մարդկանց պատկերացումների համաձայն: Սուրբ Գրիգոր Տաթևացին «Հայր մեր»-ի իր մեկնության մեջ «որ երկնքում ես» ասելու տասը պատճառ է հիշատակում` հիմնականում նշելով, որ երկինքը բարձրագույնն ու պատվագույնն է խորհրդանշում՝ հակառակ երկրայինի և ժամանակավորի։

 

«սուրբ եղիցի անուն Քո – սուրբ թող լինի Քո անունը» – Մի՞թե Աստծո անունը սուրբ չէ, որ խնդրում ենք` սուրբ լինի: Աստծո անունը միշտ սուրբ է, բայց այն երբեմն հայհոյվում կամ պղծվում է հեթանոսների կամ անհավատների կողմից Աստծո ձևական հետևորդների չար ու վատ գործերի պատճառով (Եսայի 52.5, Եզեկ. 36.20, Հռ. 2.24, Հայտն. 16.11): Սա կոչ է մարդկանց` Աստծո պատվիրանների համաձայն ապրելու, և աղոթողը շնորհ է խնդրում, որ այդպես ապրի:

«եկեսցէ արքայութիւն Քո, եղիցին կամք Քո – Քո թագավորությունը թող գա, Քո կամքը թող լինի» – Թագավորությունն այն տարածքն է, որտեղ կատարվում են թագավորի բոլոր հրամաններն ու կամքը: Եվ որտեղ իրագործվում  են Աստծո  պատվիրանները, այնտեղ էլ Աստծո արքայությունն է: Սա խնդրանք է մարդկանց համար, որպեսզի կարողանան կատարելագործվել և Աստծո կամքի համաձայն ապրել:

 

 

«զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր – մեր հանապազօրյա հացը տուր մեզ այսօր» – Դեռ քրիստոնեական վաղ շրջանից  լատին հեղինակներն  այս  հատվածի  վերաբերյալ  ասել  են,  որ  խոսքը  վերաբերում  է վաղվա  հացին,  քանի որ  «հանապազորդ»  բառն  իր  մեջ կոնկրետ մի ժամանակի հասկացություն  չունի,  իսկ  ազգությամբ հույն  Հայրերը,  օրինակ,  Հովհան Ոսկեբերանը,  հասկանում  են  իբրև  այսօրվա  հացը:  Ավելի  շատ  ընդունելի  է  այս  տեսակետը:  «մեր» դերանունը  ցույց  է  տալիս սեփական  աշխատանքով   ձեռք  բերվածը,  սակայն  մեկը  կարող  է իր օրվա  աշխատանքով  հազարապատիկ  շատ  վաստակել, քան  մյուսները:  Եվ  այս  իմաստով  Տերունական  աղոթքի  այս  տողը  մխիթարություն  է աղքատներին  և  չափավորություն հարուստներին ու զեխությունից  զերծ  մնալու  պատվեր, քանի  որ  նշում  է «այսօր»  բառը: Սա  համապատասխանում  է Առակաց  գրքի  30.8-9-ի  բառերին, որոնք հարստության  և աղքատության  չափի  մասին են. «Հարստություն և աղքատություն մի՛ տուր ինձ, այլ ինձ համար կշռի՛ր արժանին, որ բավական է: Չլինի թե հարստանամ և ուրանամ Քեզ ու ասեմ. «Ո՞վ է ինձ տեսնում». կամ աղքատանամ ու բան գողանամ և երդում ուտեմ իմ Աստծո անունով»:

Հանապազօրյա հացի մասին տերունական աղոթքի այս  հատվածը  մեր եկեղեցական Հայրերից Ստեփանոս Սյունեցին  այլաբանորեն  է  հասկանում`  նշելով,  որ  խոսքը հոգևոր  հացի մասին է,  ինչպես  ասվում  է Հովհ. 6.22-63-ում,  նաև  նշում  է  Քրիստոսի  խոսքը,  ըստ  որի՝  «միայն  հացով  չի  ապրի մարդ,  այլ՝  այն ամեն  խոսքով, որ դուրս է գալիս Աստծո  բերանից» (Մատթ. 4.4, Ղուկ. 4.4):

«եւ  թող  մեզ  զպարտիս  մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց – և մեզ ներիր մեր պարտքերը, ինչպես որ մենք ենք ներում մեր պարտապաններին» – Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը  նշում  է, որ  այստեղ  սպառնալիք, զգուշացում կա Աստծո կողմից մեր մեղքերը չներելու, եթե մենք էլ չներենք մեր դեմ մեղանչածներին:

«եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն – և մեզ փորձության մի տար» – Հակոբոս առաքյալն իր թղթում փորձության մասին ասում է. «Ոչ ոք, երբ փորձության մեջ լինի, թող չասի. «Աստծուց եմ փորձվում», քանի որ Աստված չարից չի փորձվում և Ինքն էլ չի փորձում ոչ ոքի» (Հակ. 1:13)։ Եթե այդպես է, ուրեմն ինչու՞ ենք Աստծուց խնդրում մեզ փորձության չտանել: Սրա պատասխանը որոշ չափով տալիս է դարձյալ Հակոբոս առաքյալն իր թղթի հենց սկզբում` ասելով. «Ամենայն ուրախության արժանի՛ համարեցեք, երբ տեսակ-տեսակ փորձությունների մեջ ընկնեք» (1.2):

Աստված, քանի որ Իր բնությամբ բարի է, երբեք ոչ ոքի չարով չի փորձում, բայց թույլ է տալիս, որ մարդն ընկնի փորձությունների, վշտի, նեղությունների մեջ: Ամեն նեղություն Աստված Իր նախախնամությամբ թույլ է տալիս մարդու օգտի և բարի նպատակների համար, և այդ փորձությունները լինում են երկու տեսակի` մեկը մեղավորների, մյուսն արդարների համար: Մեղավորներին Աստված թույլ է տալիս փորձության մեջ ընկնել նախ դաստիարակչական նպատակներով և հետո, ինչպես Սուրբ Գրիգոր Տաթևացին է ասում, ծանր մեղքերը քավելու համար: Եթե փորձությունների մեջ ընկած մարդը հասկանում է իր մեղավորությունը և իր դժբախտության մեջ անգամ փառք տալիս Աստծուն, Աստծուց թողություն կստանա և բարի կյանքի կարժանանա, իսկ եթե մարդն իր բոլոր դժբախտությունների պատճառը համարում է Աստծուն  և դեռ ավելին` հայհոյում Նրան, ապա ավելի կվատանա նրա վիճակը:

 

Այդպես է նաև հեթանոսների պարագան, որոնց մասին նշում է Պողոս առաքյալը` ասելով, որ Աստված նրանց մատնեց պղծության (Հռ. 1.24)։ Երկրորդ տեսակի փորձությունն արդարների համար է, ինչպես Հոբի պարագան, որով Աստված ցանկանում է բոլորին հայտնի դարձնել իր ընտրյալների ու սիրելիների սրբությունը, արդարությունը և անսահման սերը Աստծո հանդեպ:

«այլ փրկեա զմեզ ի չարէն – այլ փրկիր  մեզ չարից» – Նախորդ  հատվածի մեկնությունից պարզ դարձավ, որ խնդրվում էր փրկել փորձությունից, որը լինում է սատանայի գայթակղություններով ու փորձանքներով, և կարծիք կա, որ այստեղ «չարը» չպետք է հասկանալ սատանային, քանի որ անիմաստ կրկնություն կլինի նախորդ հատվածի հետ: Այստեղ իբրև «չար» պետք է հասկանալ նաև չար մարդկանց, որոնք իրենց ազատ կամքով գործակցում են չարի հետ:

«զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն – քանի որ Քոնն է արքայությունը, զորությունը և փառքը հավիտյանս. ամեն» – առ Աստված ուղղված փառաբանություն է, որ նշանակում է նաև, որ մենք մեր աղոթքով, խոսքով, գործերով ու կյանքով միշտ պետք է օրհնաբանենք Աստծուն, որին փառք հավիտյանս. ամեն

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.