Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակչուհի Քնարիկ Մանուկյանը՝ լինելով հղիության 9-րդ ամսում, 3 ժամ առաջ մահացած երեխային ինքնուրույն ծննդաբերելուց հետո է մահացել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, NEWS.am-ին պատմեց մահացած ծննդկանի հարազատներից Արայիկ Սաֆարյանը։ Նա ասաց, որ Քնարիկը օգոստոսի 1-ի առավոտյան՝ 12։00-ին գնացել է Վեդիի ծննդատուն, բժիշկները նրան ասել են, որ պորտալարը փաթաթվել է երեխայի վզին, եւ առաջարկել են մնալ հիվանդասենյակում. «Քնարիկի բժիշկը եղել է ծննդատան տնօրենի կինը՝ Մարգարիտա Մաթեւոսյանը։ 9 ամիս նրա մոտ կոնսուլտացիայի է գնացել, մի անգամ չեն ասել, որ խնդիր ունի»։
Հարազատի պատմելով՝ Քնարիկի ամուսինը Ռուսաստանից պետք է վերադառնար՝ երրորդ երեխայի՝ աղջկա ծնվելու առիթով։ Տեղեկանալով, որ կնոջ վիճակը ծանր է, զանգահարել է բժշկին եւ խնդրել, որ գոնե փրկեն կնոջ կյանքը. «Երբ տեղեկացրինք, որ երեխան մահացել է, ամուսինն ասաց՝ գոնե կնոջս կյանքը փրկեք, կեսարյան հատում արեք։ Իրենք իրենց կարճ խելքով մտածեցին, որ 3 ժամ առաջ մահացած երեխային պետք է ծննդաբերի ինքնուրույն։ Քնարիկը երեխային ծննդաբերել է մահացած»։
Արայիկը պատմեց՝ երբ Քնարիկի վիճակը վատացել է, իրենք Արտաշատի ԲԿ-ից կես ժամը մեկ արյուն են բերել, որպեսզի փրկեն ծննդկանի կյանքը, սակայն նրան փրկել չի հաջողվել. «Գիշերվա 1։00-ից մինչեւ ժամը 3։00-ը արյուն ենք բերել։ Մեզ անընդհատ ասում էին՝ լավ է լինելու, ամեն ինչ նորմալ է։
Երեւանից եկան այլ բժիշկներ, որ օգնություն ցույց տան։ Օգոստոսի 2-ի առավոտյան 5։00-ին, երբ Քնարիկը մահացավ, տնօրենի գլխավորությամբ բոլոր աշխատակիցները փախան ծննդատնից։ Մնացին միայն ռեանիմացիայի ու նարկոզի բժիշկները»։
Նա պատմեց, որ հարազատները ոստիկանների հետ միասին մտել են ծննդատան տնօրենի՝ Վաչիկ Մաթեւոսյանի աշխատասենյակ, իրենք փորձել են հասկանալ՝ ինչ պատճառով է մահացել Քնարիկը, սակայն տնօրենը ոչինչ չի ասել. «Հարց ենք տալիս՝ ինչո՞ւ կեսարյանով չարեցիք, տնօրենը ոչ մի պատասխան չի տալիս ու նայում է մեր աչքերին։ Ու հետո էլ ասում է՝ թրոմբ է ունեցել»։ Արայիկը պատմեց, որ ծննդատանը հիմնականում տարեցներ են աշխատում. «Այդ դեպքի ընթացքում միայն մի երիտասարդ աղջիկ կար, անընդհատ վազում էր էս կողմ, էն կողմ, մնացածը տարեցներ էին, հազիվ էին քայլում։ Այդտեղ կադր չկա, ծերերով ի՞նչ պետք է անեին»։
Ծննդկանի հարազատն ասաց, որ Քնարիկը սպասում էր երրորդ երեխային, որն աղջիկ էր. «Ստեղ մարդասպաններ են։ Մենք ոչ մի անշորհք քայլ չենք արել, ոչ մի ավելորդություն, մեր պահանջն է, ով որ մեղավոր է իր պատիժը կրի։ Ուզում ենք, որ այսպիսի դեպքերը մեր աղջկանով ավարտվի»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ։
NEWS.am-ը փորձեց կապ հաստատել նաև Վեդի քաղաքի ծննդատան տնօրեն Վաչիկ Մաթևոսյանի հետ, սակայն նա հեռախոսազանգերին չպատասխանեց։