Արարատի մարզի Վեդի քաղաքի ծննդատանը երեկ՝ օգոստոսի 1–ին 29–ամյա ծննդկան է մահացել: Բժշկական կենտրոնում նախ մահացել է նորածինը, ապա բժիշկներին չի հաջողվել փրկել նաև 1990-ին ծնված ծննդկանի կյանքը: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Վեդու քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը:
«Կինը երրորդ երեխային էր սպասում։ Ուներ երկու մանկահասակ երեխա: Ապրում են սոցիալապես բարեկեցիկ պայմաններում»,-ասաց նա: Քաղաքապետի խոսքով՝ ընտանիքի անդամները շոկի մեջ են, չեն հավատում կատարվածին: Դեպքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են։