1in.am-ը գրում է.
Լեոնիդը բժշկի ընտանիքում էր ծնվել 1964-ին: Ընտանիքի միակ զավակն էր, մայրը հայ էր: Ընտանիքը աշխատանքի բերումով Ռուսաստանից եկել էր Երևան, իսկ երբ բժիշկ հորն աշխատանք էին առաջարկել Թբիլիսիում, Լեոնիդը որոշել էր մնալ Երևանում: Նա բժիշկ հոր հետքերով չէր գնացել, ավարտել էր ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը: 1986 թվականին Լեոնիդը մեկ սենյականոց բնակարան էր ստացել Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասում: Տարվա մեջ մի քանի անգամ Լեոնիդն այցելում էր ծնողներին: Վերջիններս հետաքրքրվում էին, թե Լեոնիդը ե՞րբ է վերջապես ամուսնանալու: Բժիշկ ծնողները չնկատելու էին տալիս Լեոնիդի՝ ալկոհոլի նկատմամբ հակումը: Մտածում էին՝ կամուսնանա, վերջ կտա խմելուն: Շուտով ծնողները զգացել էին, որ իրենց որդու կյանքում կին է հայտնվել՝ Լեոնիդն ավելի խնամված տեսք էր ստացել: Լեոնիդի կյանքում, իրոք, կին էր հայտնվել՝ Սվետլանա անունով:
Վերջինս ամուսին ուներ, երեք անչափահաս երեխա: Էլցանցում աշխատող Լեոնիդը նրանց թաղամասի «լույսի մարդն» էր: Ծանոթացել էին հոսանքն անջատելու-միացնելու հողի վրա: Հետո Լեոնիդը սկսել էր ավելի հաճախ այցելել Սվետլանային՝ ո՛չ որպես «լույսի մարդ»: Հետը խմիչք էր տանում, ուտելիք: Սվետլանան երեխաներին ու սկեսուրին տանից դուրս ուղարկելու պատրվակ էր գտնում: Իսկ Լեոնիդի հեռանալուց հետո Սվետլանան՝ ալկոհոլից մթագնած ուղեղով, քուն էր մտնում՝ երեխաների մասին չհիշելով: Մի օր էլ Սվետլանան վերջնականապես հեռացել էր տանից՝ լքելով երեխաներին: Հեռանալուց 15 օր անց նա զանգահարել ու սկեսուրին ասել էր, թե այլևս չի վերադառնա, ուրիշ տղամարդու հետ է ապրելու: Այդ «ուրիշ տղամարդը» Լեոնիդն էր: Դա 1997 թվականին էր: Սվետլանայի կրտսեր երեխան 1 տարեկան էր… Սվետլանայի հեռանալուց հետո երեք երեխաներին տատիկն էր խնամել: Բայց մի օր էլ տատիկը մահացել էր: Երեխաները մնացել էին անխնամ: Հայրը երեխաներին տարել էր մանկատուն: Մեծը՝ տղան, 1990 թվականին էր ծնվել, մեջնեկը՝ 1994 թվականին, փոքրը՝ 1996 թվականին:
Ավագ որդին կապը պահպանում էր մոր հետ, երբեմն այցելում էր նրան: Սվետլանան ցուցակագրում էր այն իրերը, որ որդին պիտի հոր տանից տաներ, հանձներ նրան: Այդ իրերը Սվետլանան վաճառում, խմիչք էր առնում: Սվետլանան ու Լեոնիդը միասին խմում էին՝ դա հարբեցողների միություն էր դարձել… Հարևանների վկայությամբ՝ Լեոնիդը մինչև Սվետլանայի հայտնվելը «շատ նորմալ» մարդ էր, ավելորդություններ երբեք թույլ չէր տալիս, դաստիարակված էր: Իսկ երբ սկսել էր Սվետլանայի հետ ապրել, համարյա ամեն օր խմած էր լինում: Հարբած էր լինում նաև Սվետլանան… Առաջին հարկում գտնվող նրանց բնակարանը շատ աղմկոտ էր դարձել: Հարևանները երբեմն ստիպված էին լինում դուռը թակել ու պահանջել, որ աղմուկը դադարեցնեն: 2002 թվականի սեպտեմբերի 21-ից՝ երեք օր շարունակ, Լեոնիդի բնակարանից ոչ մի ձայն չէր լսվել: Հարևանները նրանցով առանձնապես չէին հետաքրքրվում, որ մտաբերեին՝ քանի օր չէին տեսել Սվետլանային: Անհանգստության նշաններ էին ցույց տվել միայն Լեոնիդի՝ Թբիլիսիում գտնվող ծնողները:
Լեոնիդը սեպտեմբերի 1-ին զանգել, շնորհավորել էր մոր ծննդյան օրը: Դրանից հետո նա ծնողներին չէր զանգել… Եռօրյա լռությունից հետո՝ սեպտեմբերի 24-ին, Լեոնիդը թակել էր հարևանի դուռը, անվճռական ձայնով զանգելու թույլտվություն էր խնդրել: Դողացող մատներով նա հավաքել էր շտապօգնության համարը: Հարևանուհու հարցերին Լեոնիդը կարճ պատասխանել էր, թե Սվետան 3 օր է՝ մեռած է, ինքը փորձել է նրան կենդանացնել, բայց չի կարողացել: Լեոնիդի հեռանալուց հետո հարևանուհին շան հետ դուրս էր եկել զբոսնելու, տեսել էր, որ շտապօգնության մեքենան մոտեցել է իրենց մուտքին, բայց Լեոնիդի բնակարանից ոչինչ չէին հանել, շտապօգնության մեքենան ինչպես եկել, այնպես էլ հեռացել էր… Հարևանուհին կատարվածի մասին հայտնել էր ամուսնուն: Լեոնիդը հաջորդ առավոտյան սովորականի նման դուրս էր եկել տանից ու գնացել էր աշխատանքի: Հարևանները խառնվել էին իրար: Ինչ-որ մեկը պատշգամբով Լեոնիդի բնակարան էր մտել, այնտեղ՝ աղտեղության մեջ հատակին ընկած՝ նեխում էր Սվետլանայի դիակը: Հարևանների ահազանգով ժամանած շտապօգնության անձնակազմը բնակարանից դուրս էր բերել Սվետլանայի դիակը: Հաջորդ առավոտյան ոստիկանները այդ նույն բնակարանից բաժին էին տարել Լեոնիդին:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում