shamshyan.com- ի տեղեկություններով Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, խոշոր ու «կասկադյորական» ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Արաքսյա Խաչատրյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 15 ՕC 005 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել աջակողմյան հատվածում գտնվող «Պիկնիկ» հյուրանոցառեստորանային համալիրի տարածքում տեղադրված ծաղկամաններին, զովացուցիչ ըմպելիքների սառնարաննրին և կողաշրջված վիճակում մասամբ հայտնվել պատի վրա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Խաչատրյանն ու նրա ուղևոր՝ 20-25 տարեկան տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարները, ովքեր քաղաքացիների օգնությամբ վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենայից և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը նրանց տեղափոխել է հիվանդանոց։ Տղային ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարներն օգտագործել են հատուկ տեխնիկա։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի օպերատիվ խումբը։
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, ում կողմից փաստի առթվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը, իսկ բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի