Shamshyan.com -ի Տեղեկություններով Երեկ՝ սեպտեմբերի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոմիտասի փողոցի տներից մեկը, որտեղ տան բակում գտնվող կիսաքանդ շինության մեջ հայտնաբերել են երեխայի կախված դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:
Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Մնոյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն տան բնակիչ, 17-ամյա Կ. Պ.-ն է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը սովորում էր Գյումրիի թիվ 3 պետական արհեստագործական ուսումնարանի 2-րդ կուրսում: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: