Ռազմակայանի սադրանքի «շարունակությունը»

1in.am- ը Գրում է.

Ռուսաստանի Դաշնությունն ի վիճակի է զսպել Ադրբեջանի ռազմատենչությունը և թույլ չտալ Բաքվին լարել տարածաշրջանի իրավիճակը, ապակայունացնել այն, և ես չեմ հավատում, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն ու դարավոր բարեկամը չի օգտագործի իր այդ կարողությունը, հուլիսի 20-ի ասուլիսում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ հայտարարությունը խիստ հատկանշական է հնչում ոչ միայն Հայաստանում նոր իշխանության, միաժամանակ թավշյա հեղափոխությանը զուգահեռ Ադրբեջանի աճող ագրեսիվության ֆոնին, այլ նաև բառացիորեն օրերս Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողների և շարասյան մասնակցությամբ Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի, որը Նիկոլ Փաշինյանը որակել էր որպես սադրանք Հայաստանի ինքնիշխանության և հայ-ռուսական հարաբերության դեմ:

Արդյո՞ք կա ուղիղ կապ այս երկու իրողության, այսինքն՝ ռազմակայանում տեղի ունեցածի, որը վարչապետը գնահատում է որպես սադրանք, և տարածաշրջանում ու մասնավորապես Ադրբեջանի ռազմատենչության զսպման հարցում Ռուսաստանի վրա դրված բավական ուղիղ ու բաց տեքստով պատասխանատվության միջև: Ստացվում է հետաքրքիր պատկեր՝ Նիկոլ Փաշինյանը հանում է Ռուսաստանի պատասխանատվությունը ռազմակայանի միջադեպի վրայից, միևնույն ժամանակ Մոսկվային պատասխանատվության տակ դնում Ադրբեջանի ռազմատենչության և տարածաշրջանի անվտանգության ու կայունության մասով: Ընդ որում, այստեղ Նիկոլ Փաշինյանի շեշտադրումը ոչ միայն չի պարունակում որևէ ավելորդություն և չափազանցություն, այլ ըստ էության բխում է իրերի բուն վիճակից և թե՛ Հայաստանի, թե՛ նաև Ռուսաստանի շահից:

Բանն այն է, որ տարածաշրջանում որևէ ռազմական էսկալացիա Ռուսաստանին է դնելու բավականին բարդ ու բազմաշերտ խնդիրների առաջ, և առաջին հերթին Հայաստանում, ու շղթայաբար նաև Հարավային Կովկասում ընդհանրապես: Այդ տեսանկյունից Ռուսաստանի կովկասյան ներկայության կայունությունը ուղիղ կախված է Հայաստանի ու տարածաշրջանի անվտանգությունից ու կայունությունից, մասնավորապես ղարաբաղյան գոտում: Զգացե՞լ է Նիկոլ Փաշինյանը որևէ վտանգ, այդ պատասխանատվությունն ու խնդիրը շեշտադրելու համար:

Ու այստեղ է, որ հատկանշական է հենց ռազմակայանի միջադեպից հետո արված շեշտադրումը, քանի որ Ռուսաստանի դերի ու պատասխանատվության մասին խոսելու առիթներ կարծես թե կային ավելի վաղ, օրինակ՝ Նախիջևանի զարգացումների համատեքստում: Բայց Նիկոլ Փաշինյանն այդ դերը շեշտադրում է այժմ, երբ տեղի է ունենում ռազմակայանի միջադեպը, որը գնահատում է սադրանք: Դա թերևս վկայում է, որ միջադեպին Փաշինյանի տված գնահատականը ամենևին զուտ ձևակերպում չէր, այլ թելադրված էր հնարավոր ավելի լայն կամ բազմաշերտ մասշտաբի վերաբերյալ առկա տեղեկատվությամբ կամ հնարավոր ռիսկերով:

Ընդ որում հետաքրքիր է, որ Մոսկվայից պաշտոնական արձագանք կարծես թե չի եղել, գոնե առայժմ, և այդ իմաստով, գոնե առայժմ, կարծես թե այդ լռությունը հնարավոր է դիտարկել Նիկոլ Փաշինյանի գնահատականի հետ համաձայնության նշան:

Դա ևս տրամաբանական է, քանի որ ռուսական ռազմակայանի շուրջ տեղի ունեցող որևէ աղմկոտ, առավել ևս ողբերգական, կամ այդպիսի ռիսկ պարունակող միջադեպի ուղղակի հարված է առաջինը հենց Ռուսաստանին, և Նիկոլ Փաշինյանը գործնականում արել է հայտարարություն, որը կանխարգելել է այդ հարվածի ուժը: Ընդ որում այդ համատեքստում պետք չէ բացառել նաև, որ ի պատասխան Ռուսաստանը տվել է Երևանից ադրբեջանական ուղղությամբ կանխարգելիչ հայտարարության հավանություն, և այդ իմաստով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը քաղաքական տողատակում գործնականում հայ-ռուսական հայտարարություն էր՝ ի պատասխան ռազմակայանի ուղղությամբ հնարավոր սադրանքի:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.