Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:45-ի սահմաններում Volkswagen Vento մակնիշի 35 FC 165 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Լենինգրադյան փողոցի 48 շենքի մոտ՝ CPS բենզալցակայանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, ով երիտասարդ տղա է, տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի
դիմել, նրա ինքնազգացողությունը վատացել է և դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է Արմենիա բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արման Հակոբյանի, հրամանատարի տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել են
վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. Օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում նաև ՃՈ 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչներ Տիգրան
Մարգարյանն ու Ռուբեն Վարդանյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները իրենց ավտոմեքենաները չկայանեն դեպքի վայրում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com