2004-2005թթ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. «Բանգլադեշցի Վիրաբիկի» ու «Օշականցի» Հայկի զենքերով «ռազբորկա»-ի ժամանակ ծանր վիրավորվել էր «Նիվայի» վարորդը

1in.am-ը Գրում է . 

 

2004 թվականի նոյեմբերի 17-ի մառախլապատ կեսգիշերին Երևանի Հալաբյան փողոցում անսպասելի կրակոցներ էին հնչել: Կրակոցները հասել էին իրենց բուն նպատակակետին, թե ոչ՝ դեպքի պահին դեռ հայտնի չէր: Հայտնի էր միայն, որ կրակոցներից մեկը պատահաբար դիպել էր Հալաբյան փողոցով անցնող մի մեքենայի՝ վարորդի կողմի դռանը: Կույր գնդակը մխրճվել էր դռան մեջ, ապա՝ մտել վարորդի մարմինը՝ վնասելով նրա լյարդն ու լեղապարկը, նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:

 

Վարորդի կյանքը հաջողվել էր փրկել ժամանակին արված բժշկական միջամտության շնրոհիվ:

Գործով կասկածյալը կալանքի տակ էր առնվել միայն 2005 թվականի դեկտեմբերի 22-ին:

 

 

Այն ժամանակ 38-ամյա Վիրաբ Գասպարյանը՝ «Բանգլադեշցի Վիրաբիկը», քրեական «բովանդակալից» անցյալ ուներ: Առաջին անգամ դատվել էր 19 տարեկանում՝ ծանր հանցագործության համար դատապարտվել էր 10 տարի ազատազրկման:

Այս պատժից ազատվելուց կարճ ժամանակ անց դարձյալ ծանր հանցագործության համար դատապարտվել էր 9 տարի 3 օր ազատազրկման: Պատիժը կրելու ընթացքում նա դատապարտվել էր նաև թմրանյութերի հետ կապված հանցանքների համար:

2004 թվականի նոյեմբերին Հալաբյան փողոցում հնչած կրակոցները դեռ պաշտոնապես բացահայտված չէին, «Բանգլադեշցի Վիրաբիկը» ազատության մեջ էր, բայց 2005 թվականի հունվարի 22-ին վերստին հայտնվել էր անազատության մեջ՝ ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու, կրելու մեղադրանքով: Պատիժը՝ 1 տարի ազառազրկում: Նա կալանավայրից դուրս էր եկել պատժի 7 ամիս 29 օրը չկրած՝ 2005 թվականի մայիսի 23-ին:

Մի քանի ամիս անց՝ դեկտեմբերի 22-ին, նա կալանքի տակ էր առնվել մեկ տարի առաջ կատարված հանդուգն հանցագործության՝ Հալաբյան փողոցում հնչած կրակոցների գործով:

 

 

Նախաքննության ընթացքում և դատարաններում «Բանգլադեշցի Վիրաբիկը» իր «համոզմունքներից» ելնելով՝ հրաժարվել էր ցուցմունքներ տալուց: Վերաքննիչ քրեական դատարանում էր «թեթևակի» ցուցմունք տվել, որպեսզի «ի ցույց հանի իր անմեղությունը»՝ պնդել էր, թե ինքը Հալաբյան փողոցում հնչած կրակոցների հետ ոչ մի առնչություն չունի:

Այնուամենայնիվ, փաստերի ճնշման ներքո Վիրաբն ընդունել էր, որ դեպքի օրվա երեկոյան ինքը գտնվել էր Հալաբյան փողոցում գործող «Տաթևիկ» շոգեբաղնիքում:

Ըստ քրեական գործով կայացված դատական ակտերի՝ ընկերախումբը նախ «Զանգու» ռեստորանում էր եղել: Այնտեղից ընկերներից մեկի կարմիր «ԲՄՎ»-ով գնացել էին Հալաբյան փողոցի «Տաթևիկ» շոգեբաղնիք՝ զվարճանքը շարունակելու:

Շոգեբաղնիքի մենեջերի, խոհարարի, մատուցողուհիների ցուցմունքներում թվարկվել էին խմբից մի քանի հոգի: Երեքը մականունավորներ էին՝ «Չուգուն» Արտակը, «Բանգլադեշցի Վիրաբիկը», հետո նրանց էր միացել նաև «Օշականցի» Հայկը:

Նախաքննության ընթացքում ցուցմունքներ էր տվել «Չուգուն» Արտակը: Ըստ նրա խոսքերի՝ շոգեբաղնիքում գումարային խնդիրների շուրջ անհամաձայնություն էր ծագել «Բանգլադեշցի Վիրաբիկի» ու «Օշականցի» Հայկի միջև:

 

 

Խումբը հաց էր կերել շոգեբաղնիքում, շոգեհարվել էր, ապա վճարել ու դուրս էր եկել, սակայն չլուծված հարցերը ստիպել էին, որ կարմիր «ԲՄՎ»-ն ու Հայկի մեքենան վերադառնան Հալաբյան փողոց:

Շոգեբաղնիքի ու հարակից «Բոուլինգի» միջև ընկած տարածքում Վիրաբն ու Հայկը վիճաբանել էին:

«Չուգուն» Արտակը նշել էր, թե մեքենայից իջնելու պահին Վիրաբի աջ թևատակին ինքնաձիգ էր նկատել: Ապա տեսել էր հետևյալը. Հայկը ելել էր Վիրաբին ընդառաջ: Վերջինս ինքնաձիգն ուղղել էր դեպի Հայկը, բայց վերջինս փաթաթվել էր Վիրաբին՝ նրան զրկելով կրակելու հնարավորությունից: Քաշքշոցի ժամանակ երկուսն էլ ընկել էին: Հետո կրակոցներ էին հնչել, բայց Հայկը հասցրել էր փախչել: Արտակն էլ էր փախել, նստել էր կարմիր «ԲՄՎ»-ն: Նորից կրակոցներ էին հնչել: Քիչ անց Վիրաբը ինքնաձիգը ձեռքին նստել էր «ԲՄՎ»-ն: Նրա ականջի շրջանում Արտակը վնասվածք էր նշմարել: «ԲՄՎ»-ով հեռացել էին դեպքի վայրից: Վիրաբը մեքենայից իջել էր մարզահամերգային համալիրի մոտ ու հեռացել էր:

Շոգեբաղնիքի մենեջերը, ով աղմուկի վրա դուրս էր եկել ու հեռվից հետևել էր իրադարձություններին, նախաքննության ժամանակ հետևյալն էր պատմել. Վիրաբն ու Հայկը հայհոյել էին միմյանց, քաշքշել էին: Հայկը ձեռքով հարվածել էր Վիրաբին ու փախել էր: Վիրաբն իր ձեռքին եղած ինքնաձիգն ուղղել էր Հայկի կողմն ու մենահատ կրակոցներ էր արձակել:

Ըստ մենեջերի՝ ինքը վախից սեղմվել էր պատին, իսկ Վիրաբը «կինոյի տղու» պես կրակելով գնացել էր Հայկի հետևից: Հայկը հասցրել էր նետվել փողոցում կայանված իր մեքենայի մեջ ու հեռացել էր:

 

 

Վիրաբը կրակոցներ էր արձակել նաև հեռացող մեքենայի հետևից: Նա արձակել էր 6-7 մենահատ կրակոց: Այդ կրակոցների պահին էր Հալաբյան փողոցում պատահաբար հայտնվել սպիտակ «Նիվան», որի ղեկին մի անծանոթ երիտասարդ էր: Հանկարծ մեքենայի միջից մենեջերը երեխայի լացի ձայն էր լսել: Բարձրացած աղմուկից հասկացել էր, որ «Նիվայի» վարորդը Վիրաբի կրակոցներից վիրավորվել է: Վիրաբը անմիջապես նստել էր ընկերոջ կարմիր «ԲՄՎ»-ն ու հեռացել էր դեպքի վայրից…

Մենեջերը վերադարձել էր շոգեբաղնիք ու կատարվածի մասին պատմել էր խոհարարին ու մատուցողուհիներին: Վերջիններս նախաքննության սկզբում ասել էին, թե ոչնչից տեղեկություն չունեն, բայց հետագայում ցուցմունք էին տվել, թե ինչ էր հայտնի դարձել իրենց: Իսկ շոգեբաղնիքի մենեջերը նախաքննության ընթացքում ցուցմունքները պնդել էր նաև «Բանգլադեշցի Վիրաբիկի» ու «Օշականցի» Հայկի հետ առերես հարցաքննությունների ժամանակ:

Դատարանում բոլոր վկաները միանգամից «կորցրել էին հիշողությունը»: «Չուգուն» Արտակը դատարանում ասել էր, թե Վիրաբի վերաբերյալ ցուցմունքներ է տվել ճնշումների ազդեցության տակ ու քննիչների թելադրանքով: Նախաքննական ցուցմունքի վերջին մասը Արտակը իր ձեռքով էր գրել:

Դրա մասին էլ ասել էր, թե ինքն անգրագետ է, քննիչի գրածը հատիկ-հատիկ… նկարել է… Միայն թե գործի նյութերով հայտնի էր, որ Արտակը միջնակարգ կրթություն էր ստացել… Նույն Արտակը գործով առաջինն էր, որ հայտնել էր, թե Հայկի հետ վիճաբանությունից հետո Վիրաբի ականջը վնասված էր, արյուն էր գալիս՝ դա քննիչներն իմանալ չէին կարող… Արտակի ցուցմունքը՝ Վիրաբի ականջի վնասվածքի վերաբերյալ, հաստատվել էր դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ:

Շոգեբաղնիքի աշխատողները ևս դատարանում հրաժարվել էին իրենց նախաքննական ցուցմունքներից: Մինչև անգամ սկսել էին հայտարարել, թե Վիրաբն ու նրա ընկերները դեպքի օրը իրենց շոգեբաղնիքում ընդհանրապես չէին եղել: Միայն թե վերաքննիչ դատարանում Վիրաբն ընդունել էր, որ դեպքի օրը ընկերախմբի հետ եղել էր «Տաթևիկ» շոգեբաղնիքում:

«Օշականցի» Հայկը նախաքննության ընթացքում ու դատարանում հայտնել էր, թե «Բանգլադեշցի Վիրաբիկին» ընդհանրապես չի ճանաչում, դեպքի օրը նրան չի հանդիպել:

 

 

Նախաքննության սկզբում «Օշականցի» Հայկին էլ մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության համար, ապա որոշում էր կայացվել նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ տուժող Վիրաբին ոչ էական վնաս պատճառելու կապակցությամբ: Դեպքից «անտեղյակ» և «Բանգլադեշցի Վիրաբիկին» չճանաչող «Օշականցի» Հայկը այդ որոշումը չէր բողոքարկել ու չէր պնդել իր անմեղությունը:

Գործով իրական ու պատահական տուժողը՝ «Նիվայի» վարորդը, հայտնել էր, թե Հալաբյան փողոց մտնելով՝ կրակոց էր լսել, բոց էր նկատել իր մեքենայի դռան վրա, ապա ուժեղ ցավ էր զգացել որովայնի շրջանում:«Բոուլինգի» ու «Տաթևիկ» շոգեբաղնիքի միջև ընկած տարածքում նկատել էր կարմիր «ԲՄՎ»: Երբ հասկացել էր, որ վիրավորվել է, ցավից ու հուզմունքից շփոթահար՝ իջել էր մեքենայից ու գնացել էր դեպի «ԲՄՎ»-ն, բայց այն պոկվել էր տեղից ու հեռացել էր մեծ արագությամբ:

Վիրաբ Գասպարյանը դատական երկու ատյանների կողմից էլ մեղավոր էր ճանաչվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարած արարքների համար ու վերջին հաշվով դատապարտվեԼ էր հերթական 9 տարի ազատազրկման և 100 հազար դրամ տուգանքի:

 

 

Արդեն մեր օրերում «Բանգլադեշցի Վիրաբիկի» անունը հոլովվում է Նորատուսցի Ալիկի, «Չարբախցի Գեղամի» մասնակցությամբ Չարբախի «Լիա» գեղեցկության սրահում կատարված արյունոտ ռազբորկայի գործում: Ըստ քրեական գործի նյութերի՝ «Բանգլադեշցի Վիրաբիկը» սկզբում ներկա էր եղել գեղեցկության սրահի նկուղային հարկում, բայց Նորատուսցի Ալիկը նրան «Զապի»՝ Անդրանիկ Սողոյանի միջոցով հեռացրել էր այնտեղից՝ պակասեցնելով Մուշեղ Մուշեղյանի հետ գեղեցկության սրահ եկածների թվաքանակը… «Բանգլադեշցի Վիրաբիկին» Նորատուսցի Ալիկի ու մյուսների գործով այդպես էլ չհաջողվեց դատարան ներկայացնել ու հարցաքննել…

«Լիա» գեղեցկության սրահի արյունոտ «ռազբորկան» 2016 թվականի նոյեմբերի 13-ին էր: Եթե «Բանգլադեշցի Վիրաբիկը» 2005 թվականից 9 տարի պատիժ էր կրել Հալաբյան փողոցում արձակած կրակոցների գործով, ապա ազատություն էր դուրս եկել 2014 թվականին…

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.