Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի Արտաշատի խճուղի 96/2 հասցեի դիմաց ճակատ-ճակատի բախվել են 28-ամյա Լևոն Ավետիսյանի վարած Mercedes E350 մակնիշի 70 ԼV 700 համարանիշի և 25-ամյա Գևորգ Նաջարյանի վարած ВАЗ 21014 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Նաջարյանը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արման Հակոբյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Լուսինե Սահակյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Մ. Մուրադյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Դեպքի վայրում պարզվել է նաև, որ կա նաև 3-րդ ավտոմեքենան՝ Mercedes մակնիշի 35 MC 848 համարանիշի, որը կայանված է եղել թույլատրելի հատվածում։ Այս պահին դեպքի վայրի զննություն է կատարում ՀԿԳ ավագ քննիչ Մ. Մուրադյանը, իսկ դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության թիվ 42 բրիգադը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել մահացածի հարազատներին, քանի որ, իմանալով վթարի մասին, նրանք եկել էին դեպքի վայր և ականատեսն են եղել ողբերգական վթարին։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։ Mercedes-ի վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության. պարզվեց, որ նա եղել է սթափ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: