Երեկ՝ հունիսի 30-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Գորիս քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Մայիս Դարբինյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 217-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2107 մակնիշի 06 ՕՕ 111 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի աջ մասում կայանված վիճակում գտնվող Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչ՝ 52-ամյա Վահիկ Սաթունցին պատկանող ГАЗ 53 մակնիշի 64 TT 555 համարանիշի ավտոմեքենային։
Այս մասին տեղեկացնում է shamshyan.com -ից :
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի ուղևորներ՝ վարորդի համաքաղաքացիներ, 39-ամյա Մարինե Հարությունյանը, 15-ամյա Գոռ Դոլունցը, 10-ամյա Սերգեյ Դոլունցը և 37-ամյա Մելինե Ադունցը տեղում մահացել են, իսկ վարորդ Մ. Դարբինյանն ու մյուս ուղևոր՝ 9-ամյա Արման Դարբինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգայանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Ստեփանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Ժամանել են նաև ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մարկոսյանի գլխավորությամբ։
Մինչ քննչական խմբի ժամանումը, տեղում աշխատել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վարդանյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածներից Գ. և Ս. Դոլունցները մահացած Մ. Հարությունյանի երեխաներն էին։ Իսկ բեռնատարի վարորդ Վ. Սաթունցի ավտոմեքենան խոտանված է եղել և թույլատրելի հատվածում կայանելով մեքենան՝ մեկնել է խոտանված ավտոմեքենայի համար նոր դետալ բերելու և վերադառնալով դեպքի վայր՝ ականատես է եղել խոշոր ու ողբերգական վթարին։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Գորիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի