«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ծննդատան աշխատակիցները հայտնվել են անելանելի վիճակում: Նրանք ահազանգել են MAMUL.am-ին՝ խնդրելով պահպանել գաղտնիությունը և չբացահայտել իրենց ինքնությունը:
Նրանք նշել են, որ հիվանդանոցի տնօրեն, գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, մշտապես հակաօրինական գործողություններ է իրականացնում՝ տարբեր կերպ ճնշելով աշխատակիցներին: Բուժանձնակազմը տարիներ շարունակ վախենալով կորցնել աշխատանքը, լռել է հիվանդնացում տեղի ունեցող բացասական երևություների դեմ: Նրանց խոսքով՝ 80-90 հազար դրամ աշխատավարձ են ստանում, բայց տնօրինությունը ստիպում է ամեն առիթով իրենց գրպանից վճարումներ կատարել. «Վերջերս սեմինարի ուղարկեցին, դա մեր ցանկությամբ չէր, այլ հիվանդանոցի պարտադրանքով, այնուհետև, այդ միջոցառմանը մասնակցելու համար
30 000-ական դրամ պահանջեցին յուրաքանչյուրիցս: Ամեն ինչ պարտադրանքով է այստեղ. ֆորմաներ են տալիս՝ ստիպելով վճարել դրանց համար, ԲԿ-ում ցանկացած իրի համար մենք ենք վճարում. շկաֆի, գազի ապարատի, մնացած տարբեր խնդիրները լուծում ենք մեր միջոցներով»,- բողոքում էին բուժաշխատողները:
Վերջինների պնդմամբ, այս ամենն արվում է տնօրենի գիտությամբ: Ավելին, ծննդատունն անմարդկային պայմաններում սպասարկում է նաև «շրջիկ հղիներին»: «Ամեն օր այդպիսի հղիներ ենք ընդունում և նստած վիճակում սիստեմա միացնում: Ո՞վ է տեսել հղիին աթոռին նստած սիստեմա միացնեն: Նրանք գլխապտույտ են ունենում, ինքնազգացողությունները վատանում է և այդ վիճակում էլ դուրս են գալիս բուժհաստատությունից»:
Մի քանի օրից տնօրենը ժողով է անելու՝ չգիտենք ինչ է ասելու...Դուք որ տեսնեք, թե փողոցային ինչ բառապաշարով են խոսում մեզ հետ ինքն ու իր աղջիկը, կսարսափեք: Ոչ մի հարց չենք կարողանում տալ, ասում են՝ ձեռք չի տալիս՝ ռադ եղեք, գնացեք, ձեզ ոչ ոք չի պահում...»
Բուժաշխատողներին մեկ այլ խնդիր էլ է հուզում՝ աշխատավարձերի հարցը. «Առավոտից ոտքի վրա ենք և այդ չարչարանքի դիմաց շատ չնչին գումար ենք ստանում. ոտքներս ուռել են հոգնածությունից:
Ծննդատունն սպասարկում է բազմաթիվ հիվանդների, որոնք օգտվում են վճարովի պալատներից՝ սկսած 20 000 դրամից, մինչդեռ անձնակազմը չունի ամենամինիմալ պայմանները՝ հանգստի սենյակ և սանհանգույց»,- ասում են մեր զրուցակիցները:
«Հանրապետական» ԲԿ-ի աշխատակիցները սրտնեղում են, որ «թավշա հեղափոխությունը եկավ, սակայն, այդպես էլ, իրենց չհասավ»: «Չգիտենք ինչպես պայքարենք այս անօրինությունների դեմ, յուրաքանչյուրս իր գործը կորցնելու համար է վախենում, չգիտենք ո՞ւմ դիմենք, ի՞նչ անենք, որ այս խնդիրը լուծենք»,- գանգատվում էին նրանք: