Նիկոլ Փաշինյանը հայտնվել է բարդ իրավիճակում. «Հրապարակ»

Հրապարակ թերթը խմբագրականում գրում է.

«Երբ Նիկոլ Փաշինյանն առանց աչք թարթելու և առանց մտավախության ստանձնում էր ՀՀ վարչապետի պատասխանատու պաշտոնը, հավանաբար, չէր պատկերացնում, թե ինչքան խութեր կան առջևում։ Թերևս նաև դա էր պատճառը, որ նա նույնքան համարձակորեն ու առանց աչք թարթելու սկսեց ողջ պետական ապարատի փոփոխությունը՝ հնից ազատվելու և ամեն ինչ նորացնելու ծրագրով։

Բայց մեկ ամիսն էլ բավական եղավ հասկանալու համար, որ ՀՀ վարչապետի պաշտոնում նա դարձել է «հրշեջ» և զբաղված է այս ու այն տեղ ծագող հրդեհները մարելով։ Մի օր աշխատակազմի ղեկավարն է «մոռանում» պատշաճ հրավեր ուղարկել ԱԺ նախագահին, և վարչապետը ստիպված է կառավարության անունից ասել, որ «թյուրիմացություն» է եղել։ Մի օր էներգետիկայի նախարարն է հայտարարում, որ ԲԷՑ-երը՝ բարձրավոլտ էներգացանցերը, «մնալու են պետական», և վարչապետը ստիպված է հաջորդ օրը կառավարության նիստում սրբագրել նախարարի ասածը՝ որ դեռ նման որոշում չկա։

Մի օր առաջին փոխվարչապետն է վերցնում վարչապետի ինքնաթիռն ու հայդե՝ Դուշանբե, և վարչապետը ստիպված է կանոնակարգել այդ հարցերը։ Մի օր Դավիթ Սանասարյանն է ստատուս գրում, թե՝ մի սեփականաշնորհեք թավշյա հեղափոխության գործիքները՝ պայքարելու իրավունք բոլորն ունեն, անգամ՝ ՀՀԿ-ականները, իսկ վարչապետը «լայվ» է մտնում և այդ պայքարը կոչում սաբոտաժի դրսևորումներ։

Մի բան պարզ է, որ իշխանության եկած թիմը շատ անփորձ է, և նրանցից շատերին բարձր պաշտոններ վստահելը, եթե չասենք՝ չմտածված, ապա բավականին խիզախ քայլ էր, դրանից բխող անկանխատեսելի հետևանքներով։ Եթե սրան գումարենք նաև այն, որ մի քանի ֆալստարտ հնչեցին՝ Երևանի քաղաքապետին և դատախազին ուղղված ուլտիմատումների տեսքով, պարզ կդառնա, որ հեղափոխության հերոսները բարդ իրավիճակում են հայտնվել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.