Հրանուշ Խառատյանի կոշտ արձագանքը` Աշոտյանի ինքնախոստովանությանը.

Հրանուշ Խառատյանի  կոշտ արձագանքը` Աշոտյանի ինքնախոստովանությանը.

 

«Կա՛մ իրականությունը պետք է ասել, կա՛մ առնվազն ափսոսանք հայտնել և ընդունել թերությունը»՝ դրսի հայացքով:

ՀՀԿ-ի խնդիրները սկսվեցին այն պահից, երբ մենք հաճախ սկսեցինք ապավինել «Լավ ենք արել, այդպես ենք արել» սկզբունքին:

Կա՛մ իրականությունը պետք է ասել, կա՛մ առնվազն ափսոսանք հայտնել և ընդունել թերությունը,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Սա, կարելի է ասել, անձնական կամ կուսակցական ինքնազգացողությունն է՝ այսօրվա իրողությունների դիրքերից: Մեկ ամիս առաջ սա չէր ասվի:

Դրսի՝ իմ նման հպատակ-քաղաքացու հայացքով իրականում ՀՀԿ-ի խնդիրներն սկսվել են իշխանության գալու պահից և կուլմինացիային են հասել այն ժամանակ, երբ այս կուսակցության կարկառուններն ու նրանց սպասարկող շարքայիններն այլևս ոչինչ չունեին ասելու, բացի «Լավ ենք արել, լավ ենք անում»-ից՝ սկսած ընտրությունների ընթացքից,

ԱԺ-ն քրեա-օլիգարխիայով համալրելուց, տնտեսության ստվերայնացումից և կոռուպցիայից, քաղաքականության մենաշնորհայանացումից՝ վերջացրած «հաց չունեք՝ գաթա կերեք»-ով՝ նկատի ունենալով կարտոֆիլը: «Լավ ենք արել, այդպես ենք արել»-ը հիմնադրեց կուսակցության միակ և անփոխարինելի դարձած հայրը՝ «ինչքան ուզենք՝ այդքան էլ կխփենք»-ով, կարծեմ 2012-ի ընտրություններին:

Ապրիլի 10-մայիսի 4-ին տևած ՀՀԿ-ի քարոզարշավն աննախադեպ ցինիկ և անթաքույց արհամարական էր։ Ծեծ ու ջարդերով և լցոնումներով իրականացված «ընտորություններին» հաջորդած հանրային քննարկումներին ՀՀԿ-ի ներկայացուցիչների պահվածքը, բառապաշարը, ասելիքը՝ ծայր աստիճան գռեհիկ, արհամարհական, անդաստիարակ սեփականատիրոջ վերամբարձ ոճով:

«Լավ ենք արել, այդպես ենք արել»-ը սկսեց իշխող դառնալ ՀՀ վերջին Սահմանադրությունն «անց կացնելուց» հետո, երբ ՀՀԿ-ն ինքն իրեն համարեց Հայաստանի իշխանության և քաղաքականության կուսակցական մենատերը:

ՀՀԿ-ի խնդիրները սկսվեցին այն պահից, երբ նրանք Հայաստան երկիրը համարեցին իրենց մասնավոր սեփականությունը, իսկ Հայաստանի բնակչությունը՝ իրենց վասալներ կամ իրենց խանգարող մանրապճեղներ: Եվ միայն այս իրողություններն ամրագրելուն հաջորդեց «Լավ ենք արել, լավ ենք անում»-ը:

Ես հավատում եմ այսօրվա իրողություններով թելադրված ոչ վաղ անցյալի ընկալման Արմեն Աշոտյանի անկեղծությանը՝ «Կա՛մ իրականությունը պետք է ասել, կա՛մ առնվազն ափսոսանք հայտնել և ընդունել թերությունը»:

 

 

Բայց «Լավ ենք արել, լավ ենք անում» չէ իրականությունը, իրականությունը դա ասելուն հասցրած հանցանքների շարքն է:

Եվ դա, անշուշտ, թերություն չէր, դա հանցանք էր, իշխանության բռնազավթման սահմանադրական հանցագործություն: Դրանից բխող մնացած հետևանքներով՝ հանցագործ իրավական ակտեր, հանցագործ տենդերներ, հանցագործ սոցիալական անհավասարակշռություն, հանցագործ ստվերային տնտեսություն, հանցագործ հետապնդումներ, հանցագործ դատավարություններ, հանցագործ կուսակցություն, հանցագործ իշխանություն:

Կկարողնա՞ սա ընդունել ՀՀԿ-ն, թե՞ կսպասի, որ սա հաստատվի դատական կարգով՝ իր ընտրելիքն է:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.