Երեկ՝ մայիսի 26-ին, կրակոցներ են հնչել Երևանում: ժամը 23:00-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածներից մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Երևան քաղաքի Արզումանյան փողոցի բնակիչ, 22-ամյա Կարիկ Ումրեյանը, ով ստացել է «կրծքային և գոտկային շրջաններում կրտած-ծակած վերք» վնասվածքներ և Շինարարների փողոցի բնակիչ, 22-ամյա Նարեկ Առաքելյանը, ով ստացել է «գոտկային հատվածի ձախ կեսի կտրած-ծակած վերք» վնասվածքներ:
Մինչ ոստիկանները Արմենիա բժշկական կենտրոնում վիրավորների տվյալներն էին ճշտում, այս անգամ ահազանգ է ստացվել Աստղիկ բժշկական կենտրոնից, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ նշված քաղաքացին Երևան քաղաքի Շինարարների փողոցի բնակիր, 22-ամյա Վահե Առաքելյանն է: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալ, քանի որ գտնվում են բժիշկների հսկողության տակ: Մինչ բժիշկները կպայքարեին վիրավորների կյանքի համար, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, այնուհետեև ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Եղիազարյան փողոցի բնակիչ, 51-ամյա Գառնիկ Հովհաննիսյանին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել է «Չերչիլ» տեսակի 12 տրամաչափի մեկ փողանի հրացան, իսկ դեպքի վայրում, որը եղել է Եղիազարյան փողոցում, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 3 հատ կրակված պարկուճ, ինչպես բնաև հայտնաբերվել է դանակ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված փաստով ոստիկանություն է բերման ենթարկվել նաև Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ, 35-ամյա Կորյուն Մարտիրոսյանը: Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Ս.Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ ավագ քննիչ Խորեն Բալասանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: