Այսօր՝ մայիսի 14-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարալանջի նորակառույց ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող Այգեստան փողոցի տներից մեկի անասնագոմում տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտակ Պողոսյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Պողոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամ, ում կողմից ստեղծվել է քննչական խումբ՝ ավագ քննիչ Ռոբերտ Խաչատրյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի գլուխն ամբողջովին ջնջխված է՝ բազմաթիվ բեկորային վնասվածքներով։ Հաշվի առնելով դեպքի հանգամանքները՝ ժամանել է նաև Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի դատախազ Արմեն Աֆանդյանը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Այգեստան 11 փողոցի բնակիչ՝ 60-ամյա Գևորգ Մաթոսյանն էր։
Քանի որ դին անճանաչելի էր, որոշվեց այն տեղափոխել դիահերձարան, որտեղ քննիչի որոշմամբ կատարվելու է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Դին դուրս բերելու համար ժամանել էին արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարները, ովքեր մեծ դժավորությամբ կարողացան դին դուրս բերել և մոտեցնել դի տեղափոխող շտապօգնության բրիգադին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: