Ռուսաստանը կարող է օգտագործել Հայաստանում գտնվող իր զորքերը Սերժ Սարգսյանին օգնելու համար. Անդրեյ Զուբով

Ռուս ընդդիմադիր գործիչ, պատմաբան Անդրեյ Զուբովը gordonua.com-ի փոխանցմամբ, արձագանքել է Հայաստանյան վերջին զարգացումներին, եւ հայտարարել է, որ Ռուսաստանը Սերժ Սարգսյանին օգնելու համար կարող է օգտագործել Հայաստանում գտնվող իր զորքերը, որից հետո ողջ Հայ ժողովուրդը կատի ռուսներին: Պատմաբանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում ասել է, որ Հայաստանում զզվել են Սերժ Սարգսյանի երկարատեւ կառավարումից եւ սա է պատճառը, որ Հայաստանում հիմա հեղափոխություն է սկսվել: Գրառման մեջ մասնավորապես ասված է.

«Հայերը չեն հավատում ոչ իշխող կուսակցությանը, ոչ Սերժ Սարգսյանին: Նրանք ցանկանում են վերականգնել ժողովրդավարությունը եւ իշխանության հասնելու համար կուսակցությունների նորմալ ռոտացիան: Նրանք առաջին անգամը չէ, որ դուրս են գալիս փողոց եւ այս անգամ կարծես թե ժողովուրդը միասնական է»: Անդրեյ Զուբովը փաստում է, որ ընդդիմադիրների առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չի վախենում այս հեղափոխությունն անվանել «թավշյա»:

«Պատկերացնում եմ, թե ինչպիսի սարսափով են Կրեմլում հիմա հետեւում Հայաստանում զարգացող իրադարձություններին: Չէ որ մի օր նույն զանգը իրենց մոտ էլ է հնչելու: Հայաստանում կան ռուսական զորքեր եւ Սերժ Սարգսյանի առաջին իսկ խնդրանքի դեպքում դրանք դուրս կգան Երեւանի փողոցներ: Կրեմլում այդքան իմաստնություն կունենան, անշուշտ, ինչպես իմաստնություն ունեցան անեքսիայի ենթարկել Ղրիմը, կամ երեկ` արգելափակել Telegram-ը»,- նկատում է ռուս ընդդիմադիր գործիչը եւ հավելում, որ եթե հանկարծ ռուսները ռազմական ուժ կիրառեն ընդդեմ հայերի, ովքեր դուրս են եկել փողոց, ապա Հայ ժողովուրդը կատի «Իվանին» /նկատի ունի ռուսներին/ ինչպես երբեք:

Այդ դեպքում, ըստ պատմաբանի, հնարավոր է, որ Հայաստանը ներառվի ՆԱՏՕ-ի կազմ, եւ վերանան այն սպառնալիքները, որ կան Թուրքիայից եւ Իրանից, իսկ ռուս զինվորները կհեռանան Հայաստանից: Զուբովը նկատում է, որ ֆորմալ առումով Ղարաբաղը այլ պետություն է իսկ տարածքային խնդիրներ Հայաստանը չունի: Նա ռուսների հնարավոր ռազմական ուժի կիրառումը ընդդեմ հայաստանյան ցուցարարների, համարել է մեծագույն հիմարությունը, որը կարող է թույլ տալ Պուտինը: «Հույս եմ փայփայում, որ մենք` ռուսներս, այս նոր հնարավորությունից չենք օգտվի եւս մեկ թշնամի մեզ վաստակելու համար»,- ամփոփում է ռուս ընդդիմադիր գործիչը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.hraparak.am