«Արցախը հանձնվել է Արցախի նախկին նախագահի ստորագրությամբ: Պետական բոլոր մարմինները լուծարվել են ԼՂ նախկին նախագահի ստորագրությամբ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Պապոյանն հիշեցրեց այն, ինչ տեղի ունեցավ Շահրամանյանի նախագահ դառնալուց հետո. «Ես հիշում եմ՝ երկրորդ և երրորդ նախագահների թիմերն ԱԺ-ում թռչկոտում էին և ելույթի տեքստեր էին հրապարակում, տարբեր տեսակի ասուլիսներ ու հարցազրույցներ էին տալիս այն մասին, թե ինչքան լավ բան է տեղի ունեցել ԼՂ-ում, երբ տեղի է ունեցել այդ պալատական հեղաշրջումը: Նրանք խոստանում էին և ասում՝ ահա տեսեք այսուհետ ինչպիսի քաղաքականություն է վարվելու ԼՂ-ում և մենք տեսանք:
Ընդամենը 10 օր էր պետք, որպեսզի ԼՂ-ում իշխանությունը հանձնվեր երկրորդ և երրորդ նախագահների թիմերին, և նրանք ընդամենը 10 օրում «հաջողությամբ» լուծարեցին ԼՂ-ի բոլոր ինստիտուտները, նաև մի այնպիսի ճնշում էին գործադրում հանրային դաշտում Հայաստանի իշխանությունների նկատմամբ, թե ինչու ամեն ինչ չեք անում, որպեսզի ԼՂ բնակչությունը հնարավորինս արագ լքի ԼՂ տարածքը: Ցավոք, նախկին նախագահների կողմից իրականացված բանակցություններն ընդամենը նրա մասին են եղել, թե երբ և ոնց է հանձնվելու ԼՂ-ն և նրա շրջապատող տարածքները: Այս ամբողջ ճանապարհի ընթացքում մեր նախկին իշխանությունները բանակցել են ԼՂ-ն հանձնելու շուրջ»:
Պապոյանը ներկայացրեց ՀՀ իշխանությունների տեսլականը. «Մենք պետք է շարժվենք Հայաստանի 29 743 քառակուսի կիլոմետր տարածքի ամրապնդմամբ, մեր եկրի պետական սահմանների ամրապնդմամբ և դրանով նաև մեր ժողովրդի բարեկեցության հարցերը պետք է լուծենք: Մենք ուրախ կլինենք այն ժամանակ, երբ ՀՀ-ն կունենա սահմանազատված և սահմանագծված սահմաններ, կկնքի խաղաղության պայմանագիր, կբացվեն սահմանները և մեր ժողովրդի համար բարգավաճման նոր շրջան կբացվի»: