Այսօր՝ հունվարի 24-ին, ձին և քուռակը անօգնական վիճակում հայտնվել էին Իսակովի պողոտայում։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի խոսնակ Անի Հակոբյանը տեղեկացրեց, որ քուռակի հետևի 2 ոտքերը կոտրված են, հավանաբար ավտոմեքենա է հարվածել, հեռացել: Նրանց առաջինը օգնության են հասել հարակից դարբնոցի աշխատակիցները, ովքեր կենդանիներին տեղափոխել են անվտանգ վայր։
Civic.am-ը կապ հաստատեց ձիերի տիրոջ՝ Ալի Կասոյանի հետ՝ պարզելու, թե ինչպես են կենդանիները հայտնվել այնտեղ։ «Ձիերը երեկվանից չկային, չգիտեինք՝ գողացել տարե՞լ էին, թե՞ ինչ են արել։ Մեզ ասացին՝ Մալաթիա գործկոմի դիմաց են, գնացինք այնտեղ, ման եկանք, չգտանք»։
Հարցին՝ ի՞նչ վիճակում են ձիերը, Ալին ասաց. «Նոր բժիշկ էինք բերել, ասաց՝ քուռակը պիտի մորթվի։ Երկու ոտքն էլ մի քանի տեղից կոտրվել է, ինքն էլ մարդ չի, որ իրար չգա, ձիունը էլ չի կպնում, դժվար ա կպնում։ Մյուս ձիու վիճակը լավ ա, նորմալ ա, ոտքն ա քերծված, բայց ոչինչ»։
Կասոյանը հավելեց, որ ձիերին մեքենա է հարվածել և փախուստի դիմել, իսկ ոստիկանությունը տեղյակ է։