ArmLur.am-ի խմբագրություն էին զանգահարել պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկ 20-ամյա Էրիկ Հարությունյանի հարազատները և նշել․
«Արդեն 3-րդ տարին է Էրիկ Հարությունյանը իր առողջական խնդիրների պատճառով տարկետվում է զինվորական պարտադիր ծառայությունից 1 ական տարով: 2023 թվականի վերջին թիվ 3 զինկոմիսարիատի կողմից տրված ուղեգրերով հայտնաբերվում են բազմաթիվ հիվանդություններ, մասնավորապես (զարկերակային հիպերտեզիա 2րդ կարգ, լյարդի և վահանաձև գեղձի մեծացում, սրտի հետազոտման հոլտեր սարքի միջոցով 2 անգամ մի քանի միլիվայրկյան գրանցված սրտի կանգ, սպիտակուցների արտահոսք օրգանիզմից և այլ բազմաթիվ սրտանոթային խնդիրներ): Երեխայի արյան ճնշումը տատանվում էր 150-ից մինչև 200, որոնք նույնպես արձանագրվել են բժշկական հետազոտությունների արդյունքում:
Որից հետո վերջնական զիվորական կոմիսիայի ժամանակ, երբ պետք է որոշեին երեխան ենթակա է ծառայության, թե ոչ, թիվ 3 զինկոմիսարիատի աշխատակիցների կողմից անտեսվում են Էրիկ Հարությունյանի հետազոտության արդյունքները, այն դեպքում, երբ իրեն այդ ցուցանիշներով պետք էր անհապաղ ազատել ծառայությունից և ուղարկել բուժման։ Սակայն նշանակում են ստացիոնալ մեկուսացված խիստ հսկողության պայմաններում զննման՝ Երևանի թիվ 8 հիվանդանոցում:
Որից հետո ծնողները հանդես են գալիս բողոքով Սարգսյան Գարիկի մոտ, որ իրենց երեխան հիվանդ է և չի դիմանա, ստանում են կոպիտ մերժում, որ տենցա պետք:
Անցնելով այդ դաժան կազմակերպած ստուգման միջով՝ նուն օրը հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը ժամը 03:00-ին Էրիկ Հարությունյանը մահանում է սրտի կաթվածից»:
ArmLur.am-ը դիմեց Պաշտպանության նախարարություն, որտեղից մեզ արձագանքեցին, որ համապատասխան պարզաբանմամբ հանդես կգան։
Նշենք նաև, որ 2024 թվականի հունվարի 8-ին՝ այսօր, մեկնարկել է ձմեռային զորակոչը։