Մի հրաշք էլ մեզ համար արա, տե՛ր Աստված. անհետ կորածի հայրն Ադրբեջանից վերադարձող գերիների ցանկում որդու անունն է փնտրել

44-օրյա պատերազմում անհետ կորած Պապ Այվազյանի հայրը՝ Գարիկ Այվազյանը Ադրբեջանից վերադարձող գերիների ցանկում այս անգամ էլ է որդու անունը փնտրել՝ չգտնելով այն։

«Բոլոր 32 գերիների անուն ազգանուները դողացող սրտով կարդացի, բարով եք վերադառնում մեր թանկ բալեք, ձեր տանջալի կարոտը շուտով կփարատվի։ Գիտեի որ 32-ն են գալու, բայց անկախ ինձնից 33 էի փնտրում, մի հրաշք էլ մեր համար արա տեր Աստված»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է հայրը։

Հիշեցնենք՝ երեկ հրապարակվել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը գերիների փոխադարձ ազատ արձակման մասին: Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել էին ազատ արձակվող հայ զինծառայողների անունները։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.