Մերձավորարևելյան պայթյուն, որը կարող էր տեղի ունենալ Հայաստանում, եթե․․․․

Արցախի դեմ սեպտեմբերի 19-ին սկսված և մեկ օր անց դադարեցված ռազմական լայնածավալ ագրեսիան իրականում պետք է դառնար տարածաշրջանային հզոր պայթյուն, որի առաջին զոհը լինելու էր Հայաստանը։ Ադրբեջանը Ռուսաստանի համաձայնությամբ, իսկ գուցե նաև հենց Ռուսաստանի դրդմամբ, լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, սակայն իրական թիրախը Հայաստանն էր։

Սցենարը հստակ էր։ Ռուսաստանի դրդմամբ Ադրբեջանը հարձակվում է Արցախի վրա, Հայաստանը փորձելու էր պաշտպանել արցախահայերին և ներքաշվում էր Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մեջ, պատերազմ, որը կդառնար արդեն ոչ թե արցախյան, այլ տարածաշրջանային՝ իր մեջ ներքաշելով այլ երկրների նույնպես, այդ թվում Իրանին և Թուրքիային։ Հետո կհայտնվեին ռուսները՝ իրենց կեղծ խաղաղասիրությամբ, բայց ագրեսորի նպատակներով։ Գործին մեծ հավանականությամբ կխառնվեին նաև արևմտյան ուժերը, որովհետև արևմուտքը չէր թողնի առանձ իրենց մասնակցությամբ տարածաշրջանը բաժան-բաժան անեին ուրիշները, և Հայաստանը կդառնար իսկական ռազմական «պոլիգոն», ինչպիսին ժամանակին դարձավ Սիրիան։

Իսկ հիմա փորձենք վերհիշել, թե ովքեր էին լցվել Երևանի փողոցները ու պահանջում, որպեսզի Հայաստանը զորք ուղակեր Արցախ, կամ այլ կերպ ասած՝ ներքաշվեր Ռուսաստանի հրահրած ռազմական ավանտյուրայի մեջ։ Դրանք հիմնականում Ռուսաստանի սիմոնյանական, սոլովյովական և այլ «մակնիշի» հայտնի քարոզիչների և ռուսական գործակալական ցանցի Հայաստանի հոգևոր և աշխարհիկ դասի կամակատարներն էին։

Իհարկե, շատերն այդ օրերին իշխանությանը, մասնավորապես Նիկոլ Փաշինյանին դավաճանի պիտակ կպցրեցին, նրան մեղադրեցին Արցախին չօգնելու համար, իսկ ավելի ճիշտ պատերազմի մեջ չներքաշվելու համար։ Ուշադրություն դարձրեք, թե երբ Կրեմլի քարոզիչները սկսեցին ավելի ագրեսիվ վարքագիծ դրսևորել։ Ճիշտ այն ժամանակ, երբ Հայաստանում մարդիկ չմիացան գործակալական ցանցի փողոցային կրկեսին, իսկ իշխանությունն էլ մերժեց ռուսական սցենարը և կատարեց իր համար ծանր որոշում՝ չմիանալ արցախաադրբեջանական պատերազմին։

Որքան էլ, որ ծանր և ողբերգական լիներ Արցախի կորուստը, սակայն այն Հայաստանը Սիրիա չդարձնելու գինն էր, որին գնաց Նիկոլ Փաշինյանը։

Այն պայթյունը, որը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 19-ին մեր երկրում այսօր տեղի ունեցավ Մերձավոր Արևելքում։ Իսրայելա-պաղեստինյան պատերազմը, որը սկսվեց այսօր՝ արդեն կարող է իր մեջ ներքաշել տարածաշրջանի շատ երկրների։ Համենայնդեպս Իրանն արդեն հայտարարել է, որ աջակցում է պաղեստինցիներին, Իսրայելն առայժմ ծանր կորուստներ է կրում։ Իսրայելա-պաղեստինյան պատերազմը կարող է ավելի մեծ թափ ստանալ և այլ խաղացողներ նույնպես կներգրավվեն այդ հակամարտությունում։

Աշխարհը գտնվում է երրորդ համաշխարհային պատերազմի մեջ, տեղի են ունենում քաղաքական մեծ և հզոր տեկտոնական շարժեր և այս իրվաիճակում չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանը չհայտնվի այդ շարժերի արանքում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.