Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելով մանկական պոռնոգրաֆիա ստեղծած և իրացրած կնոջ նկատմամբ:
Այս մասին հայտնումեն ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ դատախազն Ա.Ա.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով (անչափահասի նկատմամբ առանձին դաժանությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որոնք կատարվել են 12-ից 14 տարին չլրացած անձի նկատմամբ՝ վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականությունը), 239-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելը կամ ներգրավելը այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականությունը), 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը, որը կատարվել է մերձավոր ազգականի կողմից և որը զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով):
Քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Ա.-ն իր 12-ամյա դստեր մասնակցությամբ մանկական պոռնոգրաֆիա ստեղծելու, այն հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով այլ անձանց սեռական կարիքները բավարարելու նպատակով իրացնելու դիտավորությամբ, անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելով ստեղծել և իրացրել է մանկական պոռնոգրաֆիա:
Մանկական պոռնոգրաֆիայի ստեղծման ժամանակ անչափահաս դստերը պատճառել է ֆիզիկական ուժեղ ցավ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով՝ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ, իսկ պոռնկագրական բնույթի նյութի պատրաստմանը ներգրավել է նաև իր 12 տարին չլրացած երկու աղջիկ երեխաներին:
Հիշեցնենք՝ երեկ համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ կինը ֆիզիկական բռնության է ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում նրան, ցուցաբերում ստորացուցիչ, նվաստացնող վերաբերմունք՝ մերկացնելով նրան ու թքելով երեխայի վրա: Կինը նաև բռնության տեսարանին է ներգրավել 2 անչափահաս այլ աղջիկ երեխաների (ենթադրաբար՝ բռնության ենթարկված երեխայի քույրերին): Մոր դրդմամբ ու հորդորով աղջիկները թքում և միզում են մյուս երեխայի վրա:
Այս ամենը կինն անում էր միացված տեսախցիկի առաջ՝ պարբերաբար ուղղելով այն և աղջիկներին հորդորելով շարժվել ու գործել այնպես, որ ամեն ինչ կադրում հստակ երևա:
Տարածված և մեծ աղմուկ բարձրացրած այդ տեսանյութում պատկերված կինը արագորեն հայտնաբերվել էր ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում։
Ի հայտ եկած այլ մանրամասների համաձայն՝ ընտանիքի հայրը դատապարտված է՝ երեխաների նկատմամբ սեռական բռնություն կատարելու համար: Ընտանիքը Գավառ է տեղափոխվել երկու-երեք տարի առաջ: Ամուսինը Իջևանի բնակիչ է, իսկ կինը՝ Շամշադինի:
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել անչափահաս աղջիկ երեխային բռնության ենթարկող մորը բերման ենթարկելուց՝ նշելով, որ զարհուրելի արարքը տեղի է ունեցել Գավառում: