Երեք երեխա է անհետացել Պրիմորիեի գետում, երբ նրանցից մեկը սկսել է խեղդվել, իսկ մյուսները փորձել են փրկել նրան:
Ավելի վաղ ՌԴ ոստիկանությունը հայտնել էր, որ հունիսի 24-ին 8 և 9 տարեկան երկու տղա, ինչպես նաև 12-ամյա մի աղջիկ գնացել են Արսենևկա գետ և տուն չեն վերադարձել։ Նրանց որոնում են ոստիկանները, կամավորներն ու փրկարարները։
Իսկ քննիչները հայտնել են, որ 4 երեխա առանց մեծահասակների հսկողության գնացել է Արսենևկա գետ լողալու։ Նրանցից երեքը դեռ չի հայտնաբերվել։
Պարզվել է, որ երեխաներից մեկը սկսել է խեղդվել և օգնություն է կանչել ընկերներին, վերջիններս փորձել են փրկել տղային, սակայն գետի հոսանքը քշել է նրանց։ Երեխաներից մեկին հաջողվել է ափ դուրս գալ: Նա զանգահարել է մորը և պատմել կատարվածի մասին։
Հարուցվել է քրեական գործ՝ «անզգուշությամբ մահ պատճառելու» հոդվածով։
Երեխաների լողանալու վայրում Քննչական կոմիտեի քննիչները ստուգում են իրականացնում։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։