«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին առնչվող, դեռևս 2020 թվականին հարուցված քրեական գործը, որով Ծառուկյանը մեղադրվում է ընտրակաշառք տալու մեջ, ուղարկվել է դատարան։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Ազգային անվտանգության ծառայությունում քննված քրեական գործով հիմնավորվել է, որ Գագիկ Ծառուկյանը և «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը կաշառք են տվել ընտրողներին ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ընտրություններում իրենց դաշինքի և դաշինքի թեկնածուի օգտին քվեարկելու համար։
Գագիկ Ծառուկյանին և Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել ընտրողներին կաշառք տալու հոդվածով։
2023 թվականի ապրիլի 21-ին հսկող դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:
Քրեական գործը հարուցվել էր դեռևս 2020 թվականի հունիսին։ Այդ ժամանակ Գագիկ Ծառուկյանն ԱԺ պատգամավոր էր, Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն էր ներկայացրել Ազգային ժողով։ Դատախազի միջնորդությունները բավարարվել էին։ 2020 թվականի սեպտեմբերին Գագիկ Ծառուկյանը կալանավորվել էր։ Նույն տարվա հոկտեմբերի 22-ին դատարանը որոշում էր կայացրել Գագիկ Ծառուկյանին ազատ արձակել 100 միլիոն դրամ գրավի դիմաց։ Ծառուկյանը չէր ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը և հայտարարել էր, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: