Կրեմլում մտահոգ են․ հայերի 40 տոկոսը դեռ կա

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, Ռուսաստանը ՀՀ-ում իր դեսպանատան միջոցով վերջերս հարցում է իրականացրել Հայաստանում, որը, մեղմ ասած, խայտառակ արդյունքներ է գրանցել Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ դրական վերաբերմունքի հարցում։ Եթե մինչեւ 2018-ի հեղափոխությունը հայաստանցիների ավելի քան 70 տոկոսը դրական վերաբերմունք ուներ ռազմավարական գործընկերոջ նկատմամբ, ապա այժմ այդ ցուցանիշը գրեթե կրկնակի նվազել է եւ մոտավորապես 40 տոկոս է կազմում։

Կրեմլում այս փաստը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել, բայց առայժմ չգիտեն ինչ անել եւ չեն պատրաստվում կտրուկ միջոցների դիմել, քանի որ հընթացս փորձել են ճշտել նաեւ Արեւմուտքի նկատմամբ ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը եւ հանգստացել են, երբ տեսել են, որ այստեղ շեշտակի աճ չի գրանցվել: Փոխարենը, ըստ հարցումների, ավելացել է ՀՀ քաղաքացիների` Իրանի նկատմամբ վստահության ցուցանիշը»:

Եթե այս տվյալները ստույգ են, եւ Կրեմլում էլ մտահոգված են, ապա միայն մի պատճառով՝ այն, ինչ արել են «հայ-ռուսական դարավոր բարեկամության» ընթացքում եւ պատրաստվում են ավարտին հասցնել՝ Հայաստանի պետականության վերացումը եւ հայ ժողովրդի՝ իր բնօրրանում բնաջնջումը՝ հայերի տարածքները թուրքերին ու ցապարներին հանձնելով, արդեն դժվար է լինելու ներկայացնել որպես ռուսական փրկչություն, որքան էլ հայերի վզին փաթաթեն Նիկոլին ու նրա ռուսապատկան ու «արեւմտամետ» հենակներին, մամուլն ու նողկալի քարոզչությունը։

Միեւնույն ժամանակ, Կրեմլին այս տվյալները պետք է որ մտահոգեն այլ առումով, եթե իհարկե այնտեղ ավարտված ապուշներ չեն նստած՝ որ հայերի դեռ 40 տոկոսը դրական վերաբերմունք ունի Ռուսաստանի հանդեպ։ Բանն այն է, որ հայերի ռուսասիրությունը կործանում է ոչ միայն Հայաստանը, այլեւ Ռուսաստանը։ Նման բաները Հայաստանում դժվար թե հասկանան, ենթադրվում է, որ Մոսկվայում կլինեն խնդիրը հասկացողներ, բայց բանը բանից արդեն անցել է։ Մնում է ավարտին հասցնել «դարավոր բարեկամությունը»։ Պատկերացնել կարելի է հայերի վիճակը, երբ նրանց կասեն՝ ձեզ ոչնչացրինք, որովհետեւ դուք ռուսասեր էիք ու աշխարհին նայում էիք այդ կտրվածքով։ Կոպիրկինը երեւի հիմա պատրաստում է հրաժեշտի տեքստը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.