ԱՄՆ գլխավոր դատախազ Մերրիկ Գարլանդը հաստատել է, որ Մասաչուսեթսում ԱՄՆ ռազմաօդային ազգային գվարդիայի 102-րդ հետախուզական ստորաբաժանման աշխատակից, 21-ամյա Ջեք Թեյշեյրան ձերբակալվել է Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքի մեջ ներգրավված լինելու կասկածանքով։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ին:
«Այսօր կեսօրից հետո Հետախուզության դաշնային բյուրոյի գործակալները ձերբակալել են Թեյշեյրային՝ առանց որևէ խոչընդոտի», – ասել է Գարլանդը։
Նրա խոսքով՝ Թեյշեյրան կասկածվում է պաշտպանության ոլորտում գաղտնի տեղեկատվությունը «չարտոնված կերպով դուրս բերելու, տիրապետելու և տարածելու» մեջ։ Մինչ այդ Պենտագոնի խոսնակ, գեներալ Պատրիկ Ռայդերը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ արտահոսքը «դիտավորյալ քրեական հանցագործություն է»։ Թեյշեյրան դատարանի առաջ կկանգնի այսօր:
Ձերբակալությանը մասնակցած իրավապահները զրահամեքենայով մոտեցել են կասկածյալի տուն։ Նա հանձնվել է առանց դիմադրության՝ ձեռքերը գլխավերևում բարձրացրած։ Թեյշեյրան գաղտնի փաստաթղթերը կիսել է գեյմերների մոտ տարածված Discord հարթակում մոտ 20-30 հոգուց բաղկացած խմբի անդամների հետ:
Օրերս սոցիալական ցանցերում հայտնվել էին գաղտնի փաստաթղթեր, որոնցում ներկայացվում են ԱՄՆ հետախուզության հանգամանալից գնահատականներն ինչպես ԱՄՆ-ի ոչ բարեկամական երկրների, այնպես էլ դաշնակիցների վերաբերյալ: Փաստաթղթերում նաև քննարկվում են Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները: