Ինչպես արդեն հայտնել ենք՝ այսօր ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ ադրբեջանցի զինվորականին գյուղացիներն են բռնել՝ Սյունիքի մարզի Աճանան գյուղից 3 կիլոմետր հեռավորության վրա։ Նա եղել է տարածքում, որտեղ գյուղացիները խոզեր են պահում:
Հիշեցնենք՝ հայտնաբերված երկրորդ ադրբեջանցին այս պահին Կապանի ոստիկանության բաժանմունքում է։
Համացանցում տարածվել են բռնված երկրորդ զինծառայողների լուսանկարները: Դրանք հրապարակում ենք ստորև.
Հիշեցնենք՝ ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության՝ ապրիլի 10-ին՝ ժամը 01։00-ից 02։00 ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Նրա խոսքով՝ իր հետ եղել է ևս մեկ զինծառայող:
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ Նախիջևանի սահմանային շրջանում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, սահմանափակ տեսանելիության պայմաններում ադրբեջանական բանակի երկու զինծառայող մոլորվել և անհետ կորել է:
Համացանցում նաև տեսանյութ է հայտնվել, որում երևում է՝ ինչպես է ադրբեջանցի զինծառայողներից մեկը Սիսիանի շրջանի Աշոտավան գյուղում ադրբեջաներենով խոսում տեղի բնակիչների հետ: Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում դեպքից մանրամասներ էր հայտնել՝ նշելով՝ ադրբեջանցին սկզբում Բնունիսում է եղել, հետո՝ հայտնաբերվել Աշոտավան գյուղում: Բնունիս համայնքում բնակիչներից մեկի դռան զանգն են տվել։ Դուռը բացած կինը դիմել է ոստիկանություն։