Տեղ գյուղում տեղի ունեցածը վերահաստատում է փոխադարձ զսպվածության և եռակողմ պայմանավորվածությունների պահպանման անհրաժեշտությունը: Իրավիճակն ապաէսկալացնելու համար միջոցներ են ձեռնարկել ՌԴ Զինված ուժերի և Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության ներկայացուցիչները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ապրիլի 11-ին Տեղ գյուղի մոտ շփման գծում զինված միջադեպ է տեղի ունեցել: Ցավոք, ըստ առկա տեղեկությունների, կան զոհեր և վիրավորներ: Տարածքում գտնվող Ռուսաստանի զինված ուժերի և Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն անմիջապես կապ են հաստատել Հայաստանի և Ադրբեջանի պատասխանատու անձանց հետ և միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման համար», ասել է Զախարովան։
Դիվանագետն ընդգծել է եռակողմ պայմանավորվածությունները պահպանելու կարևորությունը: «Տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է Բաքվի և Երևանի կողմից փոխադարձ զսպվածության և Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համալիր պայմանավորվածությունների անվերապահ պահպանման անհրաժեշտությունը», ասել է Զախարովան։