ԱՄՆ-ն աջակցում է Կիևի խաղաղության ծրագրին, որը պահանջում է ռուսական բոլոր զորքերի դուրսբերում Ուկրաինայի տարածքից, գրում է Bloomberg-ը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պաշտպանել է Ուկրաինայի առաջարկը «Հանուն ժողովրդավարության» վեհաժողովի առցանց նիստի ժամանակ, որտեղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան մանրամասնել է ծրագրի 10 կետերը։
«Մենք բոլորս պետք է զգուշանանք այն ջանքերից, որոնք կարող են թվալ որպես բարեխիղճ ջանքեր, ինչպիսին է հրադադարի կոչը, որը կարող է սառեցնել հակամարտությունը՝ թույլ տալով Ռուսաստանին պահպանել ձեռքբերումները, օգտագործել ժամանակը և վերազինվել, իսկ հետո նորից գրոհել», Բլինկենի խոսքը մեջբերում է Bloomberg-ը։
Իր հերթին Կուլեբան ընդգծել է, որ Ուկրաինայի կառավարությունն ու ժողովուրդը չեն հանդուրժի մասնակի միջոցներ։ «Ռուսաստանը պետք է դուրս գա ուկրաինական տարածքի յուրաքանչյուր թիզից»,- ընդգծել է դիվանագետը։