Ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Այդ մասին հայտնել է հենց ինքը՝ սոցցանցի իր էջում գրելով.
«Այսօր ձերբակալվեցի, սա էլ էր պետք տեսնել… ծիծաղելի հոդվածով»:
Դեպքի մասին որոշ մանրամասներ է հայտնել փաստաբան Րաֆֆի Ասլանյանը՝ նշելով, որ Պետրոսյանին ձերբակալել են պարեկների գործունեությանը միջամտելու, նրանց նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով.
«Պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրանց նկատմամբ բռնություն գործադրելու անմիջականորեն ծագած կասկածով ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, փաստաբան, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը», — նշում է փաստաբանը «ֆեսյբուք»-ում ու կից ներկայացրել տեսանյութ:
Նրա փոխանցմամբ` պարեկային ծառայության աշխատակիցները կոպիտ կերպով, դիմացը կտրուկ արգելափակելով՝ կանգնեցրել են Գ.Պետրոսյանի վարած ավտոմեքենան, փորձել են նրան դուրս բերել՝ պատճառաբանելով, որ իբրև թե անկանոն է վարում, ուստի Պետրոսյանը, շրջանցելով նրանց, շարունակել է ավտոմեքենան հանգիստ վարել դեպի մի քանի հարյուր մետր հեռավորությամբ գտնվող իր շենքի բակ և կայանել է այնտեղ, որպեսզի տեղում պարզաբանի կասկածելի հետապնդումը։