Lragir.am-ը գրում է. ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 7-ին վերահաստատեց իր ավելի վաղ արած պաշտոնական, այսինքն կուսակցության անունից արված հայտարարությունը, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանը իշխանության մնաց բացառապես Կրեմլի բարեհաճության արդյունքում։
Այս մասին նա հայտարարել էր հունվարին, Նիկոլ Փաշինյանի ծրագրային ասուլիսից հետո, որում Փաշինյանը շարադրել էր ՀՀ պետականության ջախջախումը «ինստիտուցիոնալացվելու» եւ Հայաստանի հանդեպ Բաքվի իրավունքները եւ պահանջները պաշտպանելու իր հայեցակարգը՝ ռուսական հովանու ներքո։ Դա, բնականավար, ենթադրում էր դիրքորոշումների ճշտում նաեւ մոսկովյան քվոտաներով կազմավորված խորհրդարանի մյուս մասնակիցների կողմից։
Վերջիններս ընտրվել էին այսպես կոչված «Կոպիրկինի պլանի» համաձայն: Փաշինյանը հրապարակավ կշտամբել էր խորհրդարանի ընդդիմությանը անբավարար քննադատության, այսինքն անբավարար «հենակության» համար: Ըստ Կոպիրկինի, հենց նախկինների «ընդդիմադիր» ակտիվությունը պիտի դառնար Փաշինյանի երկարակեցության աղբյուր՝ ժողովուրդը փսխում էր նախկիններից: Փաշինյանը չզլացավ նույնիսկ ակնարկել ընդդիմության իր կողմից ուղիղ կառավարվելու մասին՝ «պետք լիներ, կասեի վրան խփեք»:
Խոսում ենք ՀԿԿ դիրքորոշման մասին, քննադատում այն: Մինչդեռ, Քոչարյանի ղեկավարած դաշինքից իհարկե սպասումներ չկային եւ չէին էլ կարող լինել։ Քոչարյանին դժվար է քաղաքական գործիչ ընկալել, ըստ այդմ՝ նրա գլխավորած դաշինքն էլ պարփակված է հայտնի շրջանակում։ Դաշինքի ներկայացուցիչների քաղաքական քննարկումների ուղղվածությունն ու բառամթերքը չեն տարբերվում Նիկոլի «խաղաղ օրակարգից»: Տարբերությունը զավեշտալի է. «մենք ավելի արժանապատիվ կանեինք»։
Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ն պարբերաբար հանդես են գալիս ազգային իրավունքների ու շահերի պարադիգմի մեջ, խոսում են դեօկուպացիայի, կարգավիճակի եւ քաղաքական այլ պահանջների մասին, չնայած ՀԱՊԿ-ի, ռուս խաղաղապահների դերի վերաբերյալ ավանդական կաղապարների եւ ռուսներին պատասխանատվությունից մաքրելու մտասեւեռմանը՝ մի ոտքով մնալով հակահայ ծրագրերի շուրջ Նիկողոսի հետ «ներքին կոնսենսուսի» մեջ։
Եվ ահա, Շարմազանովը մարտի 7-ի ասուլիսում կրկնեց իր պաշտոնական հայտարարությունը, որ Փաշինյանին իշխանության է պահում Պուտինը, ավելացնելով սակայն, որ ինքը կողմ է Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների, քանի որ այլընտրանքը Թուրքիան է։ Չնայած այս անգամ Շարմազանովը փորձում է ցույց տալ, որ Նիկոլը խաբել է Պուտինին, պարզ է որ խաշնարած քոլեցին շատ հաց ու պանիր պիտի կերած լիներ, որ աշխարհի մեծերից որեւէ մեկին խաբեր:
Շարմազանովը իրականում ընդլայնում է իր հունվարյան հայտարարությունը, հասցնելով այն տրամաբանական սիլլոգիզմի, որի երկրորդ, այսպես կոչված «փոքր» մասն է Ռուսաստանի տեղը ոչ թե Արեւմուտքն է զբաղեցնելու, այլ Թուրքիան պնդումը։ Այսինքն՝ Պուտինը Փաշինյանին պահել է Հայաստանը թուրքերին հանձնելու իր ծրագրերն իրականացնելու համար։ Տրամաբանական պարզ եզրակացությունը սա է, անկախ նրանից՝ որքանով է խորամուխ դրա մեջ Շարմազանովը:
Բա ի՞նչ եղավ «մեր միակ դաշնակից Ռուսաստանը», հարգելի պարոն նախագահ, հարգարժան Սերժ Ազատովիչ: Դուք լսու՞մ եք, թե ինչ է ասում ձեր կուսակցության պատասխանատու գործիչը: Նա ճիշտն է ասում:
Շիտակ լոռեցին բարբառում է ճշմարտություն, եւ հեռու չէ այն օրը, երբ նա կասի նաեւ ամբողջը: Իսկ ու՞մ պասով էր 2018-ին «ընտրվել» մերժիչը։ Ու՞մ ականջեականջ ժպիտը խորհրդարանում փողոցներ հանեց ըմբոստ զանգվածներին: Ով էր հանրային ամուլ ցնցման թրիգգերը եւ ինչ է թաքցնում մինչեւ հիմա նրա պղտոր հայացքը: