Քիչ առաջ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտից մեկնարկեց ուսանողների դասադուլը:
aravot.am -ի տեղեկություններով նրանք միացել են «Իմ քայլը» արշավին: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Հայարփի Բաղդասարյանը հայտարարեց. «Մեզ միացել են նաև դասախոսները: Երեկ Արևելագիտական ֆակուլտետի դասախոս Արայիկ Հարությունյանը կոչ արեց ուսանողներին միանալ դասադուլին: Միացեք մեզ, որ պայքարենք Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ»:
Այս պահին ուսանողները բավականին սակավաթիվ են: Երիտասարդները «Մերժիր Սերժին» գոչելով՝ անցնում են ֆակուլտետ առ ֆակուլտետ: Նրանք պայքարում են ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության:
Մասնակիցների հավաստմամբ՝ դասադուլն ինքնաբուխ է: Այն առաջնորդում է ուսանող Վահան Կոստանյանը:
Ժամը 13.00-ին ուսանողները գնալու են «Հյուսիսային» ավտոկայան դիմավորելու Նիկոլ Փաշինյանին ու նրա համախոհներին: