Լարսը հայերի համար փակվում է «Ղրիմի կամուրջ» հատուկ գործողությամբ

ՀՀ ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, թե «Մոսկվայում օրերս տեղի է ունեցել ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանի հանդիպումը Ռուսաստանի  մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինի հետ։ Կողմերն անդրադարձել են Վերին Լարսում ստեղծված իրավիճակին՝ կարևորելով ընթացիկ խնդիրների օպերատիվ լուծումները»:

Լարսում ստեղծված իրավիճակի մասին շատ ավելի որոշակի են արտահայտվում հայ գործարարները․ բացի օբյեկտիվ բնույթի դժվարություններից, հայերն այստեղ բախվում են նաեւ դիտավորության եւ խտրական վերաբերմունքի։ Ընդ որում, խնդիրներ կան թե վրացական, թե հատկապես ռուսական կողմում։ Այս իրավիճակը վաղուց է, սակայն, ինչպես եւ սպասվում էր՝ ավելի է խորացել Ղրիմի կամրջի պայթյունից հետո, որը պաշտոնական Մոսկվան ամուր կապեց «հայկական հետքի» հետ։

Լարսում հայերի դեմ խոչընդոտներով Ռուսաստանի հեռուն գնացող նպատակը «Թուրքիայի հետ նոր կոմունիկացիաների ստեղծմամբ», այն է՝  արտատարածքային միջանցքներով Հայաստանի լիակատար շրջափակումն է։ Փաշինյանն օրերս «ավետեց», որ ՀՀ հյուսիսում այսպես կոչված անկլավները հանձնվելու են Բաքվին։ Ըստ այդմ, Վրաստանի հետ սահմանը եւ հողորդակցությունները դուրս են մնալու ՀՀ վերահսկողությունից, այդ շրջաններում արդեն իսկ տեղակայված ռուսական բազաների «երաշխավորությամբ»։ Լարսում հայերի դեմ արհեստական խոչընդոտներն այս ծրագրերի իրագործման մեխանիզմ են։

Իր հերթին, Բաքուն Թբիլիսիի հետ մի շարք էներգետիկ-հաղորդակցական ծրագրեր է նախաձեռնել, որոնք նույնպես միտված են Հայաստանի մեկուսացմանը եւ այլընտրանքային հաղորդակցությունները, մասնավորապես Իրան-Հայաստան առանցքով, չեզոքացնելուն։

Լարսը փակելը մեկ այլ նպատակ էլ է հետապնդում․ ՌԴ հայերի եւ հատկապես ՌԴ հարավի հայության հնարավոր ելքը կանխելու, որոնք ՌԴ-ում ռազմական դրության, մոբիլիզացիայի եւ «միգրացիոն նոր քաղաքականության» առաջնահերթ թիրախն են։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.