Ռուսաստանը բացել է օդը թուրքական կործանիչների համար

Թուրքիայի ՊՆ-ն Սիրիայում գործողության կապակցությամբ հրապարակել է այս լուսանկարը եւ մակագրել՝ հատուցման ժամը հասել է

 

Ինդոնեզիայում G 20-ի վեհաժողովից վերադարձին Թուրքիայի նախագահ Էրդողանը հրամայել է սկսել «Ճանկ-թուր» գործողությունը։ Թուրքական օդուժը հարվածներ է հասցրել Իրաքի և Սիրիայի քրդաբնակ շրջաններին։ Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, թե հարվածները հասցվել են քրդական բազաներին, որպես հատուցման գործողություն։ Թուրքիան հայտարարել է, որ Ստամբուլի ահաբեկչությունը կազմակերպվել եւ իրականացվել է այդ բազաներում։

Քրդական կազմակերպությունները հերքում են ահաբեկչությանն իրենց առնչությունը, միեւնույն ժամանակ համաշխարհային մամուլում հոդվածներ եւ հետաքննություններ են հայտնվել, ըստ որոնց՝ ահաբեկչությունը ծրագրել ու իրականացրել են հենց թուրքական իշխանությունները, Սիրիայում գործողություններ սկսելու համար։ Նշվում է, որ հաջորդ տարվա հունիսին նախատեսված նախագահի ընտրությունից առաջ Էրդողանը փորձում է ամրացնել իր անկայուն դիրքերը, եւ Ստամբուլի ահաբեկչությունն այդ քայլերից մեկն է։

Թուրքական ՊՆ-ն հայտնում է, թե իբր ոչնչացվել են «ահաբեկիչների թաքստոցները, բունկերները, քարանձավները, թունելներն ու պահեստները», խոցվել է 89 թիրախ։ Ըստ սիրիական քրդերի աղբյուրների, թուրքական օդուժը հարվածել է Քոբանի քաղաքին եւ եւս երկու գյուղի, կան տասնյակ զոհեր։ Սիրիայում քուրդ աշխարհազորայինները խոստացել են պատասխան հարված հասցնել: Կիրակի ավելի ուշ թուրքական պետական ​​լրատվամիջոցները հայտնել են, որ Սիրիայի տարածքից արձակված հրթիռի հետևանքով երեք մարդ վիրավորվել է թուրք-սիրիական սահմանին։

Մինչ «ռուսական հայանպաստ պլանի»՝ իշխող ու չիշխող խմբերին սպասարկող սազանդարները խոսում են ռուս-թուրքական հակասությունների եւ Թուրքիայի առաջ Ռուսաստանի անզորության մասին, Բաքվի ոչ պաշտոնական խոսափողը գրում է, որ մի քանի օր առաջ թուրք պաշտոնյաները Reuters-ին հայտնել են, որ Անկարան պատրաստվում է նոր հակաահաբեկչական գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիսում, որի հիմնական թիրախը լինելու է Քոբանի քաղաքը։ Այլ կերպ ասած՝ Թուրքիան որոշել է ավելի փոքրամասշտաբ գործողություն իրականացնել, որը սահմանափակվում է միայն այս քաղաքով, լայնածավալ գործողության փոխարեն, որը կներառեր Թել Ռիֆաթ և Մանբիջ քաղաքները: Նման որոշումը կարող էր ընդունվել միայն Ռուսաստանի համաձայնությամբ: Ռուսաստանի կողմից Սիրիայի օդային տարածքը թուրքական կործանիչների համար բացելն ուղղակիորեն հաստատում է նման համաձայնության առկայությունը, «արդյունքում թուրքական գործողությանն աջակցելով՝ Մոսկվան ևս մեկ քայլ կատարեց՝ Թուրքիային իր ազդեցության ուղեծիր ներքաշելու համար», գրում է Բաքվի խոսափողը։

Թուրքիան ձգտում է Սիրիայի հյուսիսում նոր վարչակազմ ձևավորել, որը կներառի Հայաթ Թահրիր ալ-Շամը, ինչպես նաև նոր կանոնավոր բանակ։ Եթե ​​ներկայիս օդային հարձակումներից հետո թուրքական բանակը ցամաքային գործողություն իրականացնի Քոբանի քաղաքը գրավելու համար, դա էլ ավելի կամրապնդի Անկարայի դիրքերը, գրում է խոսափողը։

G 20-ից վերադարձին Էրդողանը մի քանի հատկանշական հայտարարություն է արել։ «Եվրոպան «թանկ կվճարի» Ռուսաստանին մեկուսացնելու համար,- ռուսական լրատվամիջոցներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ – Գինը կլինի անսահման։ Եվ Եվրոպան ավելի ու ավելի է վճարում այդ գինը, նրա հետ էլ Լեհաստանը (նկատի ունի հրթիռի անկումը Լեհաստանի տարածքում․ խմբ),- ասել է Էրդողանը։ Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ «Արեւմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, գրեթե անզուսպ հարձակվում է Ռուսաստանի վրա»։ Ստամբուլի ահաբեկչության համար Էրդողանն ուղիղ մեղադրել է ԱՄՆ-ին, որն աջակցում է Սիրիայում քրդական կազմավորումներին։

Պուտինն Էրդողանին նշանակել է գլխավոր միջնորդ իր արտաքին քաղաքական, տնտեսական ու այլ գործողություններում։ Պուտինը բոլոր հնարավոր միջոցներով ամրապնդում է Էրդողանի միջազգային կշիռը պարենային գործարքի, միջուկային շանտաժի միջոցով, էներգակիրների մատակարարման, պատժամիջոցները շրջանցելու համար Թուրքիան գլխավոր հաբի վերածելու քայլերով, ինչպես նաեւ գործողությունների ազատություն շնորհելով տարածաշրջանում։ Դրա դիմաց Էրդողանը պետք է գործի Ուկրաինային ռուսական պայմաններով հրադադար պարտադրելու եւ Արեւմուտքի ու ՆԱՏՕ-ի միասնությունը խարխլելու, արեւմտյան նախաձեռնությունները տապալելու առաջադրանքի շրջանակում։ Կստացվի, թե ոչ՝ դա այլ խնդիր է։

Հայաստանի հարցում ռուս-թուրքական ծրագրերն ավարտական փուլ են մտել՝ Սոչիի կլոունադայով եւ Փաշինյանի ու խորհրդարանում նրա «ընդդիմադիր» հենակների՝ «ռուսական պլանի» շուրջ պաշտոնապես հայտարարված կոնսենսուսով։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.