Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Սիրիայում եւ Իրաքում

Թուրքիայի ռազմական ավիացիան մի շարք հարվածներ է հասցրել Սիրիայում և Հյուսիսային Իրաքում գտնվող քրդական բազաներին։ CNN Türk-ի փոխանցմամբ՝ Սիրիա է մտել նաեւ թուրքական զինված ուժերի ռազմական տեխնիկայի մեծ շարասյուն։

Անկարան գործողությունը դիտարկում է որպես պատասխան անցյալ շաբաթ երկրում տեղի ունեցած ահաբեկչություններին։ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է «հակաահաբեկչական օդային գործողության» մեկնարկի մասին։ Գերատեսչությունը հայտարարել է «սրիկաների դավաճանական հարձակումների համար հատուցման» մասին՝ նշելով, որ հարվածները հասցվում են քրդերի դիրքերին, որոնց Անկարան ճանաչում է որպես ահաբեկիչներ։

Նշենք, որ ըստ փորձագետների՝ Ստամբուլի ահաբեկչությունը հնարավոր է կազմակերպել է հենց ինքը՝ Էրդողանը, ինչպես 2016-ի «մահափորձը», որից հետո նա հալածանքներ սկսեց թուրքական պետության ներքին ու արտաքին քաղաքական կյանքում առանձնահատուկ դեր ունեցող բանակի ղեկավարության դեմ, ի վերջո չեզոքացնելով այդ դերը եւ ամրապնդելով իր դիրքերը՝ սահմանադրության փոփոխությամբ եւ նախագահական իշխանության հաստատմամբ։ Ներկայիս ահաբեկչությունները նույնպես կապվում են Էրդողանի՝ նախագահի ընտրությունից առաջ սեփական էլեկտորատին համախմբելու եւ ներքին ու արտաքին բարդ խնդիրները չեզոքացնելու մտադրության հետ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.