2016 թվականի ապրիլին տեղի ունեցած Քառօրյա պատերազմում զոհված Քյարամ Սլոյանին և Անդրանիկ Զոհրաբյանին հետմահու շնորհվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:Երևանում Արցախի ներկայացուցչությունում «Ոսկե Արծիվ» շքանշանները հերոսների ծնողներին հանձնեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:Արցախի հերոս Անդրանիկ Զոհրաբյանի հայրը՝ Ատոմ Զոհրաբյանը, ողջունելով ներկաներին՝ նշեց, որ Քառօրյա պատերազմում իր որդին և բոլոր տղաները տվել են իրենց ամենաթանկը՝ կայանքը՝ հանուն հայրենիքի:
«Արցախը մեր սրբավայրն է, ես երախտիքի խոսք եմ ուզում ասել ի դեմս Արցախի նախագահի՝ Արցախի ժողովրդին, մեր զավակների արած գործն ու սխրանքը գնահատելու ու արժևորելու համար: Սա գնահատանք է, արժևորումն է մեր տղաների գործած սխրանքի: Իսկ մեզ՝ ծնողներիս, սա օգնում է, որպեսզի կարողանանք ապրել»,- ասաց հերոսի հայրը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նշեց, որ 116-րդ դիրքի պաշտպանությունը վճռորոշ է եղել 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտի ելքի հարցում:«Հակառակորդը, չունենալով շոշափելի առավելություն, ընդունեց զինադադարի պայմանները, և դա մեր հերոս տղաների շնորհիվ: Ես խոնարհվում եմ իրենց առաջ: Այս պարգևատրության արարողությունը վաղուց էինք պլանավորել և մեր եզդի Քյարամի պարգևատրումը ցանկանում էինք իրականացնել եզդիների Ազգային որևէ մեծ տոնի ընթացքում՝ իրենց հայրենակիցների ներկայությամբ, բայց, կարծես, ամեն անգամ որևէ բան խանգարում էր: Այսօրվա ընտրված վայրն էլ ոչ պակաս խորհրդանշական է. այն տեղի է ունենում Արցախի Հանրապետության Երևանյան ներկայացուցչության գրասենյակում: Սա Արցախի ժողովրդի շնորհակալությունն է բոլոր մեր հերոսներին և մեր եզդի եղբայրներին ու քույրերին»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Արցախի հերոս Քյարամ Սլոյանի ավագ եղբայր Համիկ Սլոյանն իր խոսքում նշեց, որ միշտ հպարտություն են զգացել իրենց եղբոր սխրանքով:«Միշտ հպարտացել ենք ոչ միայն Քյարամի՝ այլև մեր բոլոր հերոսներով, քանի որ Քյարամի դեպքից հետո սահմանին զոհված յուրաքանչյուր զինվոր մեզ համար Քյարամ է: Իսկ կոչում շնորհելը կարևորվում է նրանով, որ իրենց արած հերոսությունը գնահատվում է»,-ասաց նա:Համիկ Սլոյանը պատմեց, որ իր որդուն անվանակոչել է եղբոր անունով, չնայած նրան, որ եղբոր բացը ոչինչ չի լրացնի, բայց փորձում են նրա կարոտը և բացը լրացնել փոքրիկ Քյարամով: