SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ նոյեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով։
Այդ օրը ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում, շուկայի դիմաց Գեղարքունիքի մարզի բնակիչներ 25-ամյա Ամուր Գասպարյանը, 24-ամյա Ռազմիկ Բարսեղյանը, 23-ամյա Գեղամ Համբարձումյանը, 25-ամյա Սուրեն Կարապետյանը և դեռևս չպարզված ևս 4 անձինք Ա․ Գասպարյանին պատկանող BMW մակնիշի և Գ. Համբարձումյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաներով կանգնեցրել են Զոլաքար գյուղի բնակիչ 27-ամյա Արաբո Հարոյանի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենան, որում գտնվել են նաև Զոլաքար գյուղի բնակիչներ 31-ամյա Մհեր Սերգեյանն ու 19-ամյա Նար Սումբատյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը եղել է ճանապարհը չզիջելու հարցի շուրջ վիճաբանությունը վերջիններիս հետ։ Ապա հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և արհամարական վերաբերմունք ցուցաբերելով, որը դրսևորվել է անձին ստորացնելով և մարդկանց անդորրը հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով խանգարելով, ոտքերով և ձեռքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջիններիս, որից հետո հեռացել են նշված վայրից:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ դեպքի մասնակից և դեռևս չպարզված անձանց ինքնությունը պարզելու, նրանց և ավտոմեքենաները հայտնաբերելու ուղղությամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Գասպարյանը ոստիկանությունում հայտնել է, որ ինքն աշխատում է Մարտունու համայնքապետարանում։