Նոր Մանրամասներ.Պեմզաշենում ողբերգության գործով կասկածյալը խոստովանել է

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու Արթիկի բաժնի ծառայողները՝ համագործակցելով իրավապահ մյուս կառույցների և ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների հետ, բացահայտել են Պեմզաշենում կատարված սպանությունները:

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 19.10-ին, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները ոստիկանները ձերբակալել են Շիրակի մարզի 32-ամյա մի բնակչի:

Նա ոստիկանությունում խոստովանել է կատարածը, ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմնին:

Բացի այդ, ոստիկանությունը ներկայումս համապատասխան որոնողական աշխատանքներ է տանում ևս մեկ անձի հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու համար:

Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ և անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Պեմզաշեն գյուղի՝ 31-ամյա բնակչուհու և վերջինիս 11-ամյա դստեր և 8-ամյա որդու սպանության դեպքը:

Փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Շիրակի մարզի՝ 32-ամյա բնակիչ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ newday.am