Իրանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն՝ կապված Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Ադրբեջանի ԶԼՄ-ների և պաշտոնյաների կողմից հակաիրանական քարոզչության հետ․ հայտնում է IRNA պետական գործակալությունը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների երկայնքով Իրանի վերջին զորավարժություններին, հայտարարել էր, որ իրանական որևէ զորավարժություն «իրենց չի վախեցնում»։ «Մեր բանակը հերոսություն, պրոֆեսիոնալիզմ, նվիրում է ցուցաբերել։ Եթե պետք լինի, կհասնենք նրան, ինչին ցանկանում ենք, դա գիտեն բոլորը, և թող իմանան բոլորը, ովքեր զորավարժություններ են անցկացնում մեր սահմանին՝ ի աջակցություն Հայաստանի»,-ասել էր նա։
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավելի վաղ արած հայտարարություններին, որոնցով նա դժգոհություն էր հայտնել Իրանի և Հայաստանի պաշտոնյաների միջև վերջին հանդիպումների կապակցությամբ՝ Թեհրանին մեղադրելով Երևանին չափազանց մեծ աջակցություն ցուցաբերելու մեջ։ «Մեր սկզբունքային քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության և բոլոր հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման վրա»,- ասել է Քանանին՝ նշելով, որ Իրանը երբեք չի ամրապնդում իր կապերը մի հարևանի հետ՝ ի վնաս մյուսի։
Քանանին նաև հայտնել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների երկայնքով Իրանի վերջին զորավարժությունները նախապես ծրագրված են եղել, որի մասին ավելի վաղ տեղեկացվել է պաշտոնական ուղիներով։