New Yorker-ը գրում է, որ Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին չէր բացահայտել Ուկրաինայի պաշտպանության մանրամասները։ Նա իր ամերիկացի գործընկերներին ցույց էր տվել միայն պլանի էսքիզը, որն իրական չէր։
New Yorker-ը գրում է, որ ներխուժման նախօրեին ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլին Զալուժնիից տեղեկություն է խնդրել, թե ինչպես է Ուկրաինան պաշտպանվելու, ներառյալ զենքի պահեստների տեղակայման հարցում: Զալուժնին զգուշանում էր, որ այդ տեղեկությունը կհասնի ռուսներին։ Բացի այդ, նա անընդհատ տեղափոխում ու քողարկում էր զենքի պահեստները, որպեսզի դրանք չոչնչացվեն կամ չգրավվեն ռուսական բանակի կողմից։
«Վերջապես փետրվարին Զալուժնին համաձայնեց կիսվել Ուկրաինայի պաշտպանության իր պլանով: Կիևում ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդը հրավիրվել է Գլխավոր շտաբ, որտեղ նրան ցույց են տվել ուկրաինական դիրքերի և պաշտպանական սխեմաների մեկ էջանոց ուրվագիծը: Նրան պատճենը չեն տվել, թույլ են տվել միայն գրառումներ անել: Նույնիսկ այս պայմաններում կցորդին ցույց են տվել պլանի կեղծ տարբերակը», գրում է New Yorker-ը:
Նշենք, որ ըստ տեղեկությունների՝ Զալուժնին Ուկրաինայի պաշտպանության ամբողջական պլանը թաքցրել է նաեւ Ուկրաինայի ղեկավարությունից, բացառելու համար արտահոսքի ցանկացած հնարավորություն։ Հիմա արդեն որոշակիորեն ուրվագծվում է նրա մտահղացումը՝ ամեն գնով կանխել Կիեւի գրավումը եւ տապալել ռուսական բլից-կրիգը, ռուսական բանակին «թույլ տալով» ձգվել հարազարավոր կիլոմետր ճակատով, պահպանելով ուկրաինական ուժերը եւ սպառազինությունը եւ ռուսական բանակին լոգիստիկայի եւ այլ առումներով դնելով խոցելի վիճակում։
Պլանն աշխատեց՝ ռուսական բլից-կրիգը տապալվեց, ուկրաինական բանակն անցավ ռուսական բանակի անձնակազմի, սպառազինության եւ մատակարարման ուղիների ոչնչացմանը եւ այդ մարտավարությունը շարունակում է մինչ օրս, դանդաղ, բայց հետեւողական ազատագրելով ուկրաինական հողերը։ Այլ կերպ անհնար կլիներ կանգնեցնել տասնապատիկ առավելություն ունեցող թշնամուն։
Ուկրաինայում պատերազմը Պուտինը նախաձեռնեց՝ ոգեշնչված Հայաստանի դեմ թուրքերի հետ համատեղ արշավի հաջողությամբ։ Նպատակները եւ պլանավորումը նույնն էր՝ հայկական պետականության վերացում հայերի երաշխավորված պարտությամբ պատերազմում, Հայաստանում ռուսական ագենտուրայի ներգրավմամբ եւ պաշտպանական սխեմաների քայքայմամբ, ինչն ապահովվում էր հայկական պաշտպանական կարողությունների եւ սպառազինության ռուսական զգալի վերահսկողությամբ, այդ թվում՝ համատեղ հօպ-ի, միացյալ կազմավորման եւ այլ լեգալ կառույցների միջոցով։
Պուտինը վստահ էր, որ այս սխեման կաշխատի նաեւ Ուկրաինայում, եւ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ուկրաինայում նրան երախտապարտ կլինեն որպես փրկիչ։ Դրա նախադրյալները կային, նկատի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում ուկրաինական ուժային կառույցներում ու կառավարական շրջանակներում ռուսական ագենտուրայի ու ազդեցության ցանցերի առկայությունը։ Պատահական չէր, որ ներխուժման առաջին օրերին Պուտինն ուկրաինացի սպաներին կոչ էր անում ռազմական հեղաշրջում իրականացնել։ Սակայն Զալուժնին տապալեց ռուսական ծրագրերն ու դրանց իրագործման սխեմաները, կանխելով Ուկրաինայի կապիտուլյացիան։
Հայկական բանակի գլխավոր շտաբում մինչեւ հիմա էլ նստած են ռուս էմիսարներ, ՀԱՊԿ դիտորդները անարգել հետախուզում են հայկական դիրքերն ու պաշտպանական կարողությունները, այդ տվյալները փոխանցելով օկուպացված Ակնայի ռուս-թուրքական կենտրոնին եւ Բաքվին։