Lragir.am-ը գրում է. Սոչիի կլոունադան շարունակվում է՝ իշխող խմբակի կողմից «ռուսները խոստացան, բայց չարեցին», ռուսապատկան խմբակների կողմից՝ «Պուտինը ուզում էր, բայց չէր կարող ազդել Ալիեւի վրա» ապուշություններով։ Պուտինն անձամբ օգնության հասավ ու «խոստովանեց», որ չի հաջողվել անցկացնել իր «հայանպաստ» կետերը․ հայ-ռուսական եղբայրության համար այլեւս փաստարկ չի մնացել
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, նրանից առաջ էլ Նիկոլ Փաշինյանը պատմել են «ռուսական առաջարկությունների փաթեթի» մասին եւ ասել, որ հույս են ունեցել, որ Պուտինը կաջակցի իր իսկ առաջարկներին, եւ դրանց հղում կարվի եռակողմ հայտարարության մեջ։ «Ռուսական փաթեթի» մասին սկսեցին խոսել այն բանից հետո, երբ Մոսկվան հատուկ ծառայությունների ալիքով տարածեց այսպես կոչված «վաշինգտոնյան տարբերակը», որից հետո ռուսապատկան ուժերը Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրին, Փաշինյանն էլ հայտարարեց, թե ընդունում է ռուսական առաջարկները։
Բնականաբար, ոչ ոք ոչ ռուսական, ոչ էլ վաշինգտոնյան փաթեթները չի տեսել։ «Վաշինգտոնյան փաթեթը» պետք էր, որպեսզի խոսվեր «ռուսական հայանպաստ փաթեթի» մասին, ինչպես ռուսական «փրկչությունն» անհնար է առանց թուրքական ագրեսիայի։ Հայ-ռուսական եղբայրության ու դաշնակցության հեքիաթի այս պարզունակ սխեմաները գործադրվում են պարբերաբար, Հայաստանի տարածքների ու հայերի հաշվին ռուսական պլանների իրագործման հերթական հանգրվաններին։ Այս սխեմայով էլ Սոչիում բեմադրվեց Ալիեւի համառության, հովանոցով բարի պապիկի չքմեղանքի ու Փաշինյանի 100 տոկոս համաձայնության կլոունադան։ Որպեսզի այն «արժանահավատ» լիներ, անհրաժեշտ էր անձամբ Պուտինի խոսքը վաշինգտոնյան ու ռուսական տարբերակների մասին, ինչպես նաեւ չքմեղանքը, թե ինչու «հայանպաստ» առաջարկները տեղ չգտան հայտարարության մեջ։
«Ռուսական կողմը մեզ նախկինում խոսք էր տվել, որ դա տեղի է ունենալու, բայց տեղի չունեցավ», ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով Սոչիի հանդիպման ու ռուսական առաջարկների մասին։ Ավելի վաղ, Փաշինյանը հայտարարել էր, թե ռուսները զենք են խոստացել, բայց մինչ օրս ոչ զենքը կա, ոչ էլ փողն են վերադարձրել։ Ռուսական խոստումները նոր չեն ու քիչ չեն, արժե հիշել Լավրովի Երեւան այցի ժամանակ ՀՀ ԱԳՆ առջեւ հանրահավաքը, երբ ՊՈՒ պատգամավորը Լավրովին հիշեցնում էր ինչ որ խոստումների մասին։
Ռուսաստանն իրագործում է Կովկասից վերջնականապես հեռանալու եւ այն թուրքերին հանձնելու ծրագրերը Հայաստանի պետականության վերացմամբ, հայ ժողովրդին իր քաղաքականության սպասարկուների կողմից պարտադրելով անհեթեթ ու իրականությունից շեղող «բանավեճեր» ու հայտնի գերատեսչության սցենարով բեմադրություններ։ Վերջին արարը աչքներիս առաջ է, մասնակիցները՝ իշխող թե չիշխող, «խաբված», համագործակցային թե օգտակար ապուշներ, նույնպես։
Կարդացեք նաեւ՝ Բլինքեն, Միշել, Պուտին եւ այլոք. Գեներալ Բեսեդան եւ մեր կամքը