Այսօր՝ ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու թիվ 25 շենքի դիմաց ճակատ-ճակատի բախվել են Opel Zafira մակնիշի 69 AM 969 համարանիշի և Mercedes մակնիշի 95 ՕՕ 009 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալուններն ու սահմանազատել տարածքը: Վթարի մասին 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալի գլխավորությամբ: Այս պահին վթարի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահան
Սամվելյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն քննչական վարչությունում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները 2 մեքենաների վարորդներն են: Տեղում մահացածն է 48-ամյա Արա Շահբազյանը, իսկ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է 44-ամյա Արմեն Սարգսյանը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարերը՝ Խաչիկ Գևորգյանի
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com