ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին պատասխանել է ԱՄՆ կոմերցիոն արբանյակներին հարվածելու Ռուսաստանի սպառնալիքների մասին հարցին, գրում է BBC-ն։
«ԱՄՆ-ի ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում կարժանանա համարժեք պատասխանի»,- ասել է Քիրբին։ ԱՄՆ-ը «Ռուսաստանին պատասխանատվության կենթարկի ցանկացած նման հարձակման համար, եթե դա տեղի ունենա», – հավելել է նա: Քիրբին նաև նշել է, որ իսկապես կան հանրային ապացույցներ, որ Ռուսաստանը ձգտում է ձեռք բերել հակաարբանյակային տեխնոլոգիա:
Հինգշաբթի ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ի զենքի չտարածման և վերահսկման վարչության պետի տեղակալ Կոնստանտին Վորոնցովը ՄԱԿ-ում ասել էր, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները օգտագործում են քաղաքացիական ենթակառուցվածքի բաղադրիչներ տիեզերքում, այդ թվում՝ առևտրային, զինված հակամարտությունների ժամանակ։ «Քվազիքաղաքացիական ենթակառուցվածքը կարող է օրինական թիրախ դառնալ պատասխան հարվածի համար»,- ասել է նա:
Ուկրաինան ակտիվորեն օգտագործում է Իլոն Մասկի SpaceX Starlink արբանյակային կապի համակարգը՝ ինչպես զորքերի կապը, այնպես էլ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների բնակիչներին առանց գրաքննության ինտերնետ հասանելիություն ապահովելու համար։