SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 12-ին ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները օրեր շարունակ հսկայածավալ աշխատանքներ կատարելու արդյունքում պարզել են հոկտեմբերի 2-ին Սիսիանի հիվանդանոց տեղափոխված Սյունիքի մարզի բնակիչ՝ 55-ամյա Ստեփան Ս-ի վիրավորվելու պատճառը։
Կայքի փոխանցմամբ՝ այդ օրը Սիսիանի բժշկական կենտրոնից ոստիկանության Սիսիանի բաժին հայտնել էին, որ «ձախ ազդրի վերին երրորդի միջային մակերեսի հրազենային կույր վիրավորում» վնասվածքով իրենց մոտ էր տեղափոխվել Ստեփան Ս-ն։
Մինչ Սյունիքի մարզում տեղեկություններ էին տարածել, թե հրազենային վնասվածքը պատճառվել է հակառակորդի կողմից արձակված կրակոցից, Այունիքի մարզի ոստիկանները պարզեցին, որ այդ օրը, ժամը 17։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում Որոտնավան գյուղի իր հողամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս է եղել, երբ կրակոցից վիրավորում է ստացել։
Ոստիկանները պարզել են, որ կրակոցն արձակել է Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Սասուն Ս-ն՝ իրեն ամրակցված «ՐՊԿ-74» տեսակի ձեռքի գնդացրից։
Կայքի տեղեկություններով՝ Սասուն Ս-ն հայտնաբերվել ու բերվել է ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղ էլ տվել է ինքնախոստովանություն։ Նա Երկրապահ Կամավորականների Միության Սիսիանի տարածքային բաժանմունքի անդամ է։
Հայտնաբերվել է նաև ձեռքի գնդացիրը։